Դոնեցկում արգելել են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատանքը

Բարթ Յենսեն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ, արխիվ

Դոնեցկի ռուսամետ անջատականները արգելել են «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական առաքելության աշխատանքը՝ «տեղական օրենքները խախտելու» հիմնավորմամբ: Դոնեցկի ինքնահռչակ իշխանությունները France-Presse գործակալության հետ զրույցում հաստատել են, որ կազմակերպությանը զրկել են հավատարմագրումից:

Բժշկական կազմակերպությունը հայտարարել է, թե ստիպված է դադարեցնել մարդկանց բուժումը: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնականում աշխատում էր Դոնեցկի բանտերում և պալարախտի հիվանդանոցում:

Ավելի վաղ ռուսամետ անջատականները հավատարմագրումից զրկել էին նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, «Մարդիկ կարիքի մեջ» չեխական կազմակերպությանը և ևս 9 այլ բարեգործական կազմակերպությունների, որոնք մինչև այդ էլ վտարվել էին հարևան Լուգանսկից: Լուգանսկի անջատականները «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը մեղադրել էին «հոգեմետ դեղամիջոցներ ապօրինի պահելու» մեջ: