Սահմանադրական փոփոխությունները մերժող Անդրանիկ Սերգոյանը վստահ է, որ առաջարկվող փոփոխությունները չեն լուծում երկրի սոցիալ-տնտեսական հարցերը․ - «Այս սահմանադրական փոփոխությունները, որ մեզ առաջարկվում են, օրակարգային հարցեր չեն, առաջնահերթ հարցեր չեն: Երկրի տնտեսական, սոցիալական խնդիրները այս Սահմանադրությունից կախված չեն: Այստեղ իշխանություններն ունեն առաջին հերթին վերարտադրության խնդիր և իրենց հարցն են փորձելու լուծել»:
«Այո»-ի ճամբարը, ըստ Լոռու մարզպետ, ՀՀԿ-ի անդամ Արթուր Նալբանդյանի, նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր՝ մասնագետների ու դասախոսների մասնակցությամբ: Նալբանդյանը վստահ է, որ իրազեկման այդ աշխատանքներից հետո սահմանադրական փոփոխություններին «այո» ասողների թիվը կշատանա:
Մարզպետը կարծում է, որ գործող Սահմանադրության որոշ դրույթներ սպառել են իրենց, և ժամանակն է անցնել կառավարման նոր ձևի․ - «Այսինքն՝ կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական ձևի, որը շատ ավելի առաջադեմ է»:
Անդրանիկ Սերգոյանը հակադարձեց․ - «Գործող Սահմանադրությունը չեմ կարծում, որ իրեն սպառել է: Շատ դրույթներ չեն ռեալիզացվել: Վերջին իրադարձությունների, ցույցերի ժամանակ երևաց, որ Սահմանադրությամբ ամրագրված շատ իրավունքներ մեր երկրում պաշտպանված չեն»:
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Աշոտ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աջակցում է «ոչ» ասող բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին: Նա նույնպես վստահ է, որ փոփոխությունների հիմնական նպատակը իշխանության վերարտադրությունն է․ - «Սերժը [Սարգսյան], որը մի տարի առաջ կատեգորիկ դեմ էր Սահմանադրության փոփոխությանը և հայտարարում էր, որ խորհրդարանական կառավարման դեպքում վտանգվում է անվտանգությունը, հանկարծ քնեց, մի հրաշք երազ տեսավ, արթնացավ ու պարզվեց, որ ճիշտ հակառակն է՝ միակ փրկությունը խորհրդարանական հանրապետությունն է: Մի խնդիր է լուծում Սերժը․ լուծում է իր ցմահ իշխանության խնդիրը: Բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը իմաստուն կլինի և նրան այդ հնարավորությունը չի տա»:
Արթուր Նալբանդյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց ընդդիմադիր ուժերն էին առաջարկում անցնել խորհրդարանական կառավարման․ - «Բայց, չգիտես ինչու, եթե այդ առաջարկությունը եղել է իշխանության կողմից, իրենք դեմ են»:
Վանաձորցիները, սակայն, ինչպես վկայեց «Ազատության» հարցախույզը, առանձնապես հետաքրքրված չեն ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի քարոզչությամբ: