Այս պահին դժվար է կանխատեսել, թե այս դժվար իրավիճակում, հատկապես Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության և դրա արդյունքում ստանձնած պարտավորությունների համատեքստում ինչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգացնելու համար, բայց «մի բան ակնհայտ է, որ մենք սկսում ենք նոր կետից, նոր էջից»: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը՝ խոսելով Եվրամիության և Հայաստանի միջև բանակցվելիք նոր փաստաթղթի մասին:
«Որովհետև նախորդ անփառունակ՝ այսպես ներկայացնենք, հայ-եվրոպական հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, այսպես ասած, տապալումը ի վերջո վստահության ճգնաժամ առաջացրեց կողմերի մեջ, որը ներկայումս փորձ է արվում հաղթահարել», - ընդգծեց փորձագետը:
Անցյալ շաբաթվա սկզբին, հիշեցնենք, Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ նոր փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու պաշտոնական մանդատ տվեց: Երկու օր առաջ Մադրիդում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, մասնավորապես, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական պատասխանատու հանգրվանին, և հույս հայտնեց, որ «բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք»:
Ինչպես «Ազատությանը» ասաց Արթուր Ղազինյանը, «թե ինչքանով ենք մենք այս պահին պատրաստ, և այն ոլորտները, որտեղ հնարավոր է, որ Հայաստանը կարողանա զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ պարզ կլինի արդեն բանակցությունների ընթացքում, բայց պետք է նշենք, որ դրանք բավական սահմանափակ են»:
«Նշվում են տարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար կամ տեխնիկական բնույթի․․․ Ինչ խոսք, կարելի է փորձել, բայց տնտեսական ոլորտում մենք բավականին սահմանափակված ենք՝ զուտ իրավաբանորեն», - շեշտեց Ղազինյանը՝ մանրամասնելով․ - «ԵՏՄ անդամակցությունը վերպետական կառույց է և ենթադրում է ինքնիշխան լիազորությունների փոխանցում վերպետական ինստիտուտներին, ինչը և տեղի է ունեցել, և ներկայումս Հայաստանը իրավասու չէ բանակցել տարիֆային ինչ-որ մի պլան, ինչ-որ մի արտոնյալ տարիֆային քաղաքականություն այլ տնտեսական միավորի հետ, մասնավորապես այս պարագայում՝ Եվրոպական միության հետ: Այդ իրավասությունը արդեն իսկ փոխանցվել է Եվրասիական միությանը, և եթե Եվրոպական միություն - Եվրասիական միություն ձեռք բերվի ինչ-որ գլոբալ համաձայնություն առևտրային հարաբերությունները զարգացնելու համար, ապա այդ դեպքում Հայաստանը կկարողանա օգտվել այդ իրավիճակից»:
«Քաղաքական համակարգի հետ կապված՝ ինքս էլ մի քիչ սկեպտիկ եմ վերաբերվում, որովհետև Եվրասիական տնտեսական տարածքում ձևավորել եվրոպական քաղաքական համակարգ՝ բավականին բարդ խնդիր է, եթե հաշվի ենք առնում այն իրողությունը և այն իրականությունը, որի մեջ մենք գտնվում ենք հիմա», - շարունակեց փորձագետը:
Մասնավորապես, ըստ նրա, տնտեսական իրողությունները ենթադրում են դրանց քաղաքական շարունակություն, քաղաքական աջակցություն ստեղծված տնտեսական համակարգին: «Իսկ ասել, որ Եվրասիական միությունը բացառապես տնտեսական միություն է՝ սխալված կլինենք, քանի որ այնտեղ հիրավի ընթանում են բավականին լուրջ քաղաքական գործընթացներ: Եվ այստեղ բացի տնտեսականից նաև մենք ունենք որոշակի քաղաքական ինքնիշխանության սահմանափակում և հայեցողության սահմանների նեղացում», - նշեց Ղազինյանը:
«Բայց հանրապետության նախագահը Մադրիդում հայտարարեց ընդամենը հանձնառությունը Հայաստանի՝ ձգտելու ամեն ինչ անել, որպեսզի առկա հնարավորությունները օգտագործել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները զարգացնելու համար», - ընդգծեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը: