Չնայած նախապես շրջանառվող տեղեկություններին` Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր այդպես էլ չհրապարակեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների գլխավոր լրատվական ռեսուրսը համարվող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով վճիռը:
Ողջ օրվա ընթացքում դատավոր Թամազ Ուրթմելիձեն քննում էր «Ռուսթավի 2»-ի դեմ հարուցված հայցը, սակայն օրվա վերջում նա վճռեց գործում առկա մի շարք դրվագների մասին վերջնական որոշումը հրապարակել երկուշաբթի օրը:
Դատական պրոցեսին զուգահեռ երկրի ողջ տարածքում շարունակվում էին հարձակումները ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման գրասենյակների դեմ: Վերջին մի քանի օրերին նման հարձակումների ենթարկվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակները երկրի գրեթե բոլոր մեծ քաղաքներում` Փոթիից մինչև Ախալցխա:
Վաղ առավոտյան էլ անհայտ անձինք կարմիր ներկով լի շշեր էին նետել Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանի» շենքի վրա: Այս ամենի ֆոնին, առավոտյան կայացած կառավարության նիստի ժամանակ, ընդդիմադիրների հասցեին կոշտ քննադատություն հնչեցրեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Ազգային միացյալ շարժումն անվանելով քրեական կառույց:
«Վերջին օրերին մենք տարբեր հայտարարություններ ու գնահատականներ ենք լսում, որոնց հեղինակները այդ քրեական կազմակերպության ներկայացուցիչներն են: Այդ մարդիկ, սակայն, հանրության հետ նման տոնով խոսելու որևէ իրավունք չունեն: Նրանք, նախկինում գործած հանցանքների համար ներողություն խնդրելու փոխարեն, շարունակում են բախումներ հրահրել, չեն հրաժարվում նաև քաոսային իրավիճակ ստեղծելու փորձերից», - հայտարարել է Ղարիբաշվիլին:
Սաակաշվիլիի կողմնակիցները դեռ չէին հասցրել պատասխանել երկրի վարչապետին, երբ նրան հակադարձեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին․ - «Սահմանադրության դրույթների պաշտպանությունը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, նախևառաջ՝ երկրի իշխանություններինը: Ցավոք սրտի, վարչապետի այսօրվա հայտարարությունները իրադրությունը լիցքաթափելու փոխարեն է՛լ ավելի բարդացրեցին առանց այդ էլ խնդրահարույց կացությունը»:
«Կոչ եմ անում դատավորին կոշտ և հապշտապ որոշում չկայացնել: Նման քայլը կարող է սրել իրավիճակը», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, հակառակը, որոշեց ցուցադրաբար մի կողմ քաշվել «Ռուսթավի 2»-ի հարցում` հետագա որոշման ողջ ծանրությունը թողնելով դատավորի ուսերին․ - «Լրատվամիջոցների ազատության հանդեպ մեր վերաբերմունքը շարունակում է անփոփոխ մնալ: Կառավարության ներգրավվածությունը այս ողջ պատմության մեջ բացառված է: Սա վեճ է երկու անհատների` Միխեիլ Սաակաշվիլիի և գործարար Կիբար Խալվաշիի միջև»: