Ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց

Դատարանն այսօր աննախադեպ որոշում կայացրեց՝ Հայաստանում առաջին անգամ ազատ արձակվեց ցմահ դատապարտյալը՝ անբուժելի հիվանդության պատճառով:

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար դատապարտված 49-ամյա Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց: Երեք ամիս արդեն հիվանդանոցում պառկած դատապարտյալը, սակայն, այսօր ի վիճակի չէր անգամ մասնակցել դատական նիստին: Փաստաբան Գրիշա Բալասանյանը պնդեց՝ նրան ազատ արձակելու դատարանի որոշումն ուշացած էր․ - «Ուշացած վճիռ էր Սողոմոն Քոչարյանի համար, բայց ուշացած չէր այլ գործերի համար, որովհետև այս վճիռը, գուցե կոպիտ կհնչի, բայց կանխարգելիչ նպատակ ունի: 2012-14 թվականների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ը, ինչպես որ այստեղ հիմնավորվեց, վերը նշված որոշման հիմքով կարող էին ազատվել պատժի կրումից»:

Դատական նիստին հարազատներից քչերն էին ներկա․ կինը մահացել է, երիտասարդ աղջիկը՝ անցած տարի ինքնասպանություն գործել, միակ խնամակալը մնացել է 70 ամյա մայրը, ով հիվանդանոցում էր՝ որդու կողքին:

Տարիներ շարունակ ցմահ դատապարտյալների քրեական գործերը հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը հանդիպել է տարիներ առաջ Սողոմոն Քոչարյանի մեղադրանքը պաշտպանող դատախազի հետ: Ասում է՝ հենց նրա հետ զրույցից է իմացել, որ Սողոմոն Քոչարյանի դատավճիռը քաղաքական ենթատեքստ ուներ:

«Գլխավոր դատախազը, ով իմ դասախոսն էր եղել, չափավոր մտերմությամբ բացատրեց՝ այլընտրանք չկա, դեսպանը պատժի առավելագույն չափն է պահանջում, հակառակ դեպքում մեծ սկանդալ կբարձրացնի», - պատմեց Մեջլումյանը:

Հետաքննող լրագրողն ու փաստաբան Բալասանյանը, նոր ի հայտ եկած այս հանգամանքը հաշվի առնելով, միջնորդեցին վերաբացել գործը:

Սողոմոն Քոչարյանի գործով դատավճռին այսօր սպասում էին նաև ցմահ ազատազրկման դատապարտված տասնյակ այլ ամբաստանյալների հարազատներ: Արդեն երկրորդ շաբաթն է՝ նրանք քրեական գործերը վերանայելու կոչով բողոքի ցույցեր են անցկացնում կառավարության ու նախագահական նստավայրի առջև: Այսօր էլ անցան նույն երթուղով՝ կառավարությունից որևէ պաշտոնյա նրանց չհանդիպեց: Բաղրամյան 26-ից էլ պատասխան ստացան, թե նամակը ուղարկվել է արդարադատության նախարարություն, պատասխանը կլինի մեկ ամիս անց: