Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն իշխանափոխությամբ տապալելու կողմնակից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիքով, Սերժ Սարգսյանը միջազգային հարթակից զբաղվում է քարոզչությամբ:
«Իշխանությունը փորձում է միջազգային հարթակներում տպավորություն ստեղծել, որ բովանդակային առումով սա այնպիսի Սահմանադրություն է, որ մենք եվրոպական գործընկերների կառավարման համակարգին ենք մոտեցնում: Իրականության մեջ նաև այն հանգամանքը կա, որ Սերժ Սարգսյանը մտածում է, որ ինքը ինչո՞վ է վատ, ասենք, Հեյդար Ալիևից, Նազարբաևից, կամ Լուկաշենկոյից, կամ Պուտինից: Չէ՞ որ նրանք ամենաքիչը 16, 20, 25 տարի ղեկավարում են, և ինքը ինչո՞վ է վատ, որ ինքն էլ չշարունակի նմանատիպ ավանդույթը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Մադրիդում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանը երեկ անդրադարձել էր նաև առաջիկա սահմանադրական հանրաքվեին․ - «Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը»:
Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանեց․ - «Իհարկե, տեքստը գրողը շատ լավ գրել է, հրաշալի գրել է․․․ Մենք բազմաթիվ այլ տեքստերում նկատել ենք այդ գրչի մեծ որակը, բայց գրչի մեծ որակը, ցավոք սրտի, ցույց է տալիս մեր իրականության և տեքստերի շատ խորը հակասությունը»:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ»-ի կարգախոսով մասնակցող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Արամ Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը կողմ չէ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը․ - «Եկեք փորձագիտական խումբ ստեղծենք՝ չեզոք մարդկանց, չճանաչված մարդկանց խումբ․․․ եթե հարյուր հոգուց երկուսը-երեքը կողմ լինեն, ես ինքս կմիանամ «այո»-ին և կասեմ՝ ապրի՛ Սերժ Սարգսյանը իր սարքած հանրաքվեով»:
Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Գագիկ Մելիքյանի համոզմամբ՝ ընդդիմությունը փորձում է իր չհիմնավորված կարծիքը փաթաթել հասարակության վզին․ - «Այն, ինչ ասել է Հանրապետության նախագահը ԵԺԿ բարձր ամբիոնից, իրականությանը բավականին համապատասխանում է, և դրանում կհամոզվի նաև մեր հասարակությունը առաջիկա տարիների ընթացքում»:
Արամ Մանուկյանը, մինչդեռ, ասաց, թե Սերժ Սարգսյանը խոսել է ամեն ինչից՝ շրջանցելով հիմնական նպատակը․ - «Շատ լավ, խելոք բաներ է ասել Սերժ Սարգսյանը: Ընդամենը մի բան պակաս կա իր ասածի մեջ․ կարելի է հարցով ճշտել՝ իսկի ի՞նչ է անելու անցկացվելիք հանրաքվեից հետո․․․ իր երազը՝ երկրում մնալ թիվ մեկը, այդ ծրագրի մեջ կա՞, թե՞ չէ»:
Գագիկ Մելիքյանը վստահ է, որ հասարակությունը լավ է ճանաչում ընդդիմությանը և «նրանց քարոզներին չի հավատա»․ - «Եթե ընդդիմությունը ծանոթանա առաջիկա գոնե մեկ ամսվա ընթացքում բարեփոխվող Սահմանադրության նախագծի տեքստին, ինքը նույնպես կհամաձայնի մեզ հետ, որ դա իր համար շատ կարևոր է»:
Սերժ Սարգսյանը երեկ նաև տեղեկացրել էր, որ հանրաքվեն դիտարկելու համար հրավիրվել են Եվրամիության, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանի նախագահը վստահության էր հայտնել, որ նրանք իրենց մասնակցությամբ ու լրջագույն փորձով է՛լ ավելի կխթանեն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը:
Արմեն Մարտիրոսյանը, սակայն, կարծում է, որ միջազգային դիտորդները չեն կանխի կեղծիքները․ - «Պարզ է, որ մեր եվրոպացի գործընկերները, օրինակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ չեն գնալու, և իրենք չգիտեն, որ, ասենք, բնակչության 25 տոկոսը այդ գյուղի ապրում է, թե չի ապրում, բայց մասնակցությունը կլինի 90 տոկոս»:
«Ազնի՞վ են, համարձա՞կ են, ուզո՞ւմ են արդարություն՝ թող ցուցակից հանեն ժամանակավորապես էն մարդկանց, ովքեր Ամերիկայում են 20 տարի, և տպվի էն մարդկանց ցուցակը, ովքեր էրեկ գնացել են քվեարկելու․․․ Հաջորդ օրը թող տպվի», - հավելեց Արամ Մանուկյանը:
Իսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը չի կասկածում, որ դիտորդները դրական գնահատական կտան, թե հանրաքվեն անցել է միջազգային բոլոր չափանիշներին համահունչ: Նրա հավաստմամբ՝ իշխող քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի քվեարկությունը լինի օրենքի շրջանակներում, ազատ, արդար և թափանցիկ․ - «Ասել, թե հանրաքվեն կեղծվելու է դեռևս չեղած, արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինչ է փորձվում նախապատրաստել նրանց կողմից հանրաքվեի դրական արդյունքի դեպքում»: