«Գոյ» և Համազգային թատրոնները կկոչվեն իրենց հիմնադիրների անուններով

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան

Կառավարության որոշմամբ՝ Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով:

«Նա թատրոնը հիմնադրել է 1991 թվականին և ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը: Սոս Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա», - ասված է կառավարության հաղորդագրությունում։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյան

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով:

«Նա «Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988 թվականին: Մազմանյանը որպես հիմնադիր և բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել թատրոնի և կինոյի զարգացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Սոս Սարգսյանը վախճանվել է 2013 թվականին՝ 84 տարեկան, Արմեն Մազմանյանը՝ 2014 թվականին՝ 54 տարեկան հասակում: