Դատարանը այսօր բավարարեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունն ու ազատ արձակեց ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին։
Սողոմոն Քոչարյանը, հիշեցնենք, մահապատժի էր դատապարտվել 1995 թվականին՝ իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: Մինչ նա անազատության մեջ էր, կինը մահացել է ծանր հիվանդությունից, 19-ամյա դուստրն անցյալ տարի ինքնասպանություն է գործել: Դստեր մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է բանտարկյալի առողջությունը:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը այս տարվա օգոստոսի 26-ից բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես կայուն ծանր:
Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը հիվանդանոցում անշարժ վիճակում պառկած է։ «Նա չի կարող պատիժ կրել, սրտի ու ողնաշարի խնդիր ունի։ Անբուժելի հիվանդ դատապարտյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է եղել», - ասաց փաստաբանը։
Հայաստանում սա առաջին դեպքն է, որ ցմահ բանտարկյալն ազատ է արձակվում։