Դատարանն արձակեց Վերնիսաժի կրակոցների գործով վճիռը

Ոստիկանները աշխատում են պատահարի վայրում, Երևան, 17-ը մայիսի, 2014թ․

Մոտ մեկուկես տարի առաջ Վերնիսաժի տարածքում կրակահերթ արձակած Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 ու կես տարվա ազատազրկման, թեև դատախազը 9 տարվա ազատազրկում էր պահանջել «Յուվեցի Կարոյի» փեսայի համար:

Օրը ցերեկով Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով 5 մարդ էր տուժել, այդ թվում՝ Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, որոնք, ըստ գործի նյութերի, վիճաբանել էին «Յուվեցի Կարո» մականունով հայտնի պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանի հետ, ապա հայհոյել ու ծեծել նրան, երբ վերջինս փորձել էր մեքենան դուրս բերել կայանատեղից:

Մելքոնյանն ու Հովհաննիսյանը, ովքեր նույնպես հայտնվել էին ամբաստանյալի աթոռին, ևս դատապարտվեցին, համապատասխանաբար՝ 2 և 3 տարվա ազատազրկման:

Առաքելյանի կրակոցներից որովայնի շրջանում վիրավորված և արդեն երկու անգամ վիրահատության ենթարկված Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ դատարանն ավելի խիստ պատիժ կիրառեց, քան պահանջել էր դատախազ Հարություն Սարգսյանը՝ 2.5-ի փոխարեն 3 տարվա ազատազրկում: Վճռի հրապարակումից հետո Հովհաննիսյանի հայրը վրդդովված դուրս եկավ նիստերի դահլիճից:

Արդեն դատարանի բակում Սամվել Հովհաննիսյանը դատավորին մեղադրեց կաշառված լինելու մեջ: «Կամ պատերազմ է լինելու, կամ՝ ուրիշ ձև, ես խմբակային գործը քանդել եմ տալու, լրիվ դատվելու են, կրակողները երեք հոգով․․․ չհասկացա՝ դատավորը դատախազից ավե՞լ․․․ չհասկացա՝ էս ինչ խաղեր են, մեշոկներով փողեր ե՞ն բաժանվում, հերերն անիծելու եմ․․․»:

Մոտ մեկ տարի շարունակված քննության ընթացքում դատախազը մեղմացրեց պատգամավորի մերձավորին առաջադրած մեղադրանքը: Հանրային վայրում կրակ բացած Գոռ Առաքելյանին մեղսագրվեց ոչ թե սպանության փորձ, ինչի համար նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, այլ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներ, ինչը մի դեպքում՝ 3-7, մյուս դեպքում՝ առավելագույնը 1-3 տարվա ազատազրկում է ենթադրում:

Փաստաբաններից ոչ մեկը չհամաձայնեց մեկնաբանել այսօրվա վճիռը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ՝ այս գործը վերստին վկայեց, որ Հայաստանում դատական համակարգը «հոգեվարքի մեջ է» և ծառայում է կոնկերտ մարդկանց:

«Արժեքային համակարգը՝ դա Յուվեցի Կարոն է, որը իշխանությանը ծառայող, ընտրությունները կեղծող, հավատարիմ անձանցից մեկն է, բնական է, որ նրա բարեկամին, որը կարող էր հանրային վայրում էդպիսի կրակոցներ արձակել, էդպիսի մեղադրանք կառաջադրեին»,- «Ազատությանն» ասաց իրավապաշտպանը:

Արյունալի այս միջադեպից նաև պատահական անցորդներ էին տուժել՝ ստանալով միջին ծանրության վնասվածնքեր: Չնայած դրան՝ վերջին դատական նիստերին պատահականորեն տուժածները չէին ներկայանում, չէին բողոքում, տեսախցիկների առջև խոսել չէին ցանկանում: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, սա վկայում է վախի մթնոլորտի մասին: