1989 թվականին թողարկված «Վերադարձ դեպի ապագա 2» գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսը, ըստ սցենարի, ընտրել էր 2015 թվականի հոկտեմբերի 21-ը և «ժամանակի մեքենայի» օգնությամբ հայտնվել հեռավոր ապագայում:
«Ժամանակի մեքենայով» ճանապարհորդած հերոսն այսօրվա իրականության մեջ էր հայտնվել 26 տարի առաջ անհասանելի նվաճում թվացող թռչող սքեյթբորդեր վարելու ակնկալիքով: Այսօր արդեն թռչող սքեյթբորդի արտադրությունն ընթացքի մեջ է: 1989 թվականին անիրականանալի թվացող կենսաչափական տվյալների ստուգումը, Skype-ի, Googlе-ի, Facebook-ի զրուցարանները, դյուրակիր համակարգչային սարքերը՝ Google Glass, Apple Watch, հեռակառավարվող համակարգչային խաղերը, գերհարթ էկրանով հեռուստացույցները, համակարգիչների ձայնային կառավարումը, տեսախցիկներ կրող անօդաչու սարքերն ու օնլայն բանկային փոխանցման համակարգերն այսօր արդեն ոչ մեկին չեն զարմացնի:
Ամերիկյան կինոարտադրության ինստիտուտի գնահատմամբ՝ «Վերադարձ դեպի ապագա 2»-ը բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմն է:
Դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսը որպես ֆիլմի ազդեցության լավագույն արտահայտություն նկարագրում է երեխաների վերաբերմունքը․ - «Երեխաները, որոնք դեռ լույս աշխարհ չէին եկել, երբ մենք նկարահանում էինք ֆիլմը, մոտենում են ինձ և ասում՝ դա մեզ դուր է գալիս: Եվ դա զվարճալի է: Դեպի ապագա ճանապարհորդության մասին պատմող ֆիլմը ինքնին հայտնվել է ժամանակից դուրս: Այն կապրի, քանի դեռ դուր է գալիս նորանոր սերունդներին»:
Ֆիլմի հաջողության հիմքում կինոքննադատները նշմարում են ռեժիսորի կյանքի ուղին անցյալից՝ ապագա: Ֆիլմի հեղինակ, ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսը խոստովանել է, որ իր ոգեշնչման միակ աղբյուրը եղել է հեռուստատեսությունը: Երեխա է եղել, երբ տարվել է տեսախցիկով, սկսել է նկարահանել նախ ընտանեկան տոները, ավելի ուշ՝ նաև տիկնիկային և այլ էֆեկտներով ֆիլմեր։ Ռեժիսորի մանկության տարիների տպավորությունների ուղին նրան մի օր էլ հասցրել է աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ուշադրության տիրույթ, և արդեն իրական հնարավորությունները նպաստել են Զեմեկիսի գիտաֆանտաստիկ մտահղացումների էկրանավորմանը:
Իսկ արդեն այսօր՝ ֆիլմում նախանշված ժամանակն առանձնանում է նաև խոշոր ընկերությունների նախաձեռնություններով: Pepsico ընկերությունը թողարկել է «Վերադարձ դեպի ապագա 2» ֆիլմում պատկերված ըմպելիքի նմանությամբ արտադրանք՝ այն վաճառելով 20 դոլարով: Գովազդային տեսահոլովակներ են հրապարակել նաև մեքենաշինական խոշոր ընկերությունները: Ford-ը առաջարկում է ստեղծել կուտակիչ, որի շնորհիվ, ըստ ընկերության տեսահոլովակի, հնարավոր կլինի ունենալ ապագայի մեքենա: