Քաղաքական դաշտ մտնելու մտադրության մասին հայտնած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»։
«Ազատություն».- Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ որոշեցիք մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։
Աբրահամյան.- Դա բավականին երկար պատմություն է, փորձեմ շատ կարճ ասել։ Այսօր ժամանակն է վերադառնալ Հայաստան, երբեք Հայաստանը իմ մտքից դուրս չի եկել։ Երբ որ ես այստեղ բավականին լավ կացության մեջ եմ, ոչ մի խնդիր չունեմ, բավականին մեծ հաջողությունների եմ հասել, ֆինանսական վիճակը լավ է, գիտեմ, որ Հայաստանում կան խնդիրներ, դա չի թողնում իմ խիղճը հանգիստ լինի։
«Ազատություն».- Կոնկրետ տնտեսական ծրագրե՞ր ունեք։
Աբրահամյան.- Իհարկե, ունենք։ Ոչ միայն ունենք կոնկրետ տնտեսական ծրագրեր, այլ ես հենց հիմա աշխատում եմ, ես մի քանի անգամ այդ տնտեսական ծրագրերի սկիզբը արդեն դրել եմ և քայլեր արել եմ։
«Ազատություն».- Ձեր մասին շատ լեգենդներ կան, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում շատ են խոսում Ձեր հարստության, կապերի մասին։ Քանի որ Դուք հայտ եք ներկայացրել հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու, կարո՞ղ եք հրապարակավ ասել՝ ինչո՞վ է զբաղվում Արա Աբրահամյան բիզնեսմենը։
Աբրահամյան.- Ռուսաստանում մենք զբաղվում ենք ներդրումներով, արդյունաբերությամբ և շինարարությամբ, դա է հիմնականը, նոր տեխնոլոգիաներ, գիտություն, մեծ ներդրումներ ունենք գիտության մեջ։
«Ազատություն».- Դուք իսկապե՞ս մտերիմ եք Ռուսաստանի ղեկավարության հետ։
Աբրահամյան.- Ես ոչ միայն Ռուսաստանի ղեկավարության հետ եմ մտերիմ, ես տարբեր երկրների ղեկավարների հետ աշխատում եմ։ Ես կուզենայի, որ դուք ինքներդ փորձեիք վերլուծել. Ես երկու ընկերություն ունեմ՝ «Согласие» և «Свобода», «Свобода»-ն իրավաբանական ընկերություն է, աշխատում է միջազգային արենայում, «Согласие»-ն ինվեստիցիոն ընկերություն է, որ աշխատում է և՛ արդյունաբերության մեջ, և՛ տարբեր ուղղություններով՝ շինարարություն, այնտեղ, որտեղ շահավետ է, նավթային արդյունաբերություն, քիմիա... Ես այսքան տարի աշխատել եմ, երբեք չի եղել մի դեպք, 93 թվականից մինչև էսօր՝ 22 տարի, որ մի խնդիր առաջացած լինի։
«Ազատություն».- Պարոն Աբրահամյան, իսկ Դուք նաև Հայաստանի քաղաքացի եք։ Եթե Հայաստանի բնակչությունը դեկտեմբերին կողմ քվեարկի սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանում կստեղծվի կառավարման նոր համակարգ։ Այդ նոր համակարգում նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի խոսնակ՝ ո՞ր պաշտոնին եք Դուք հավակնում։
Աբրահամյան.- Ցավոք սրտի, նոր Սահմանադրությամբ ես ոչ մի պաշտոն չեմ կարող զբաղեցնել։ Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել՝ ուզում եմ ստեղծել շարժում, կուսակցություն, որպեսզի հավաքեմ համախոհներ, թիմ։
«Ազատություն».- Չեմ կարող զուգահեռներ չանցկացնել Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Նա էլ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Այդ ճանապարհո՞վ եք ուզում շարժվել։
Աբրահամյան.- Ես չգիտեմ, չեմ ուզում համեմատվել, ինձ անընդհատ ուզում են համեմատել որևիցե մեկի հետ։ Ընդհանրապես չեմ ուզում համեմատվել։
«Ազատություն».- Այս մի քանի ամսվա ընթացքում չի՞ կարող ինչ-որ մի բան պատահել, որ Ձեզ հետ կանգնեցնի այդ մտադրությունից։
Աբրահամյան.- Որևիցե բան չի կարող պատահել, որևիցե ուժ չի կարող ստիպել։ Ես այնպիսի բան չեմ անում, որ վախենամ, պետք է վախենան այն մարդիկ, որոնք ավելորդ խոսում են։ Ինձ թվում է՝ կգա ժամանակը, ամեն մեկը իր պատասխանը կստանա։ Տեսեք՝ ինչ են ասում՝ ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի, ինքը ինչ ասում է, ճիշտ չէ...
«Ազատություն».- Իսկ ինչո՞ւ է ըմբոստացել մամուլը Ձեր դեմ։
Աբրահամյան.- Ես չգիտեմ, ինձ թվում է՝ մամուլի հետևի կանգնողներն են ըմբոստացել, որովհետև իրենք գիտեն, որ կարող են իրենց տեղը կորցնել։