«Թեղուտ» ընկերությունը հանքարդյունաբերության նպատակով արդեն հատել է շուրջ 200 հա անտառ։ Ընկերությունը, իր պաշտոնական կայքում հրապարակած տվյալների համաձայն, արդեն կատարել է իր պարտավորությունը և ինչպես հանքավայրի հարակից Թեղուտ և Շնող գյուղերում, այնպես էլ Լոռու մարզի մի քանի այլ համայնքներում կրկնակի չափով ծառատունկ է արել՝ ծախսելով մոտ 750 հազար դոլար։
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը, մինչդեռ, ասում է, որ Թեղուտ և Շնող գյուղերում ծառերը տնկել են, բայց չեն խնամել, ինչի հետևանքով նոր անտառ այդպես էլ չի ստեղծվել:
«Ստեղ 67 հա տնկել են մեր և Թեղուտ գյուղերը միասին վերցրած՝ շատ ոչ գոհացուցիչ որակով։ Ոչ մի տոկոսն էլ անտառ չի։ Շատ տեղերում սկի հետքն էլ չկա»,- պատմում է գյուղապետը։
Թեղուտում և Շնողում հանքարդյունաբերության նպատակով զանգվածային անտառահատում իրականացնելու տարիներին Հովիկ Սահակյանն անտառտնտեսության պաշտոնյա էր։ Ասում է՝ հետևում էր իր հայրենի գյուղում տեղի ունեցող գործընթացին ու ափսոսում։
«Կարելի էր էդ հատման մշակույթը ավելի հիմնավոր ու ավելի ցիվիլ կազմակերպել, որն, իմ կարծիքով, չի արվել։ Այսինքն, դրել բուլդոզերով էդ ծառերը փրթել, հողի տակ են լցրել և այլն։ Կարելի էր հատել, մաքրել, էդ փայտանյութը վաճառել կամ տալ տեղի ազգաբնակչությանը, որ ապօրինի հատումներ չարվի։ Բայց քանի որ հավանաբար, ենթադրում եմ, իրենց արագություն ա պետք եղել, շատ հաճախ գռեհիկ ձևով շահագործվել ա էդ տարածքը»,- շարունակում է Սահակյանը։
«Թեղուտ» ընկերությունից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ նշված տարածքում անտառապատում իրականացրած «Սթոքս» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունը, և իրենք դիմել են դատարան՝ այդ կազմակերպությունից վնասի փոխհատուցման պահանջով։
«Թեղուտ» ընկկերությունը դեռևս չի պարզաբանում, թե ինչ է մտադիր անել անտառ չդարձած տարածքների հետ, բայց Շնողի գյուղապետն այլևս հույս չունի, թե բիզնես շահ ունեցող ընկերությունը կվերադառնա իրենց չստացված անտառների հարցին: Նա հանքարդյունաբերողներին նոր առաջարկ է արել՝ ոչ թե անտառ տնկեք, այլ այգիներ։
«Ես իրենց առաջարկեցի, որ ես ձեր գրպանին չեմ կպչում, նույն իքս գումարի չափով տնկեք պտղատու այգի մասնավոր մարդկանց տարածքներում, հանձնեք իրենց, հետագա մշակությունը մնա իրենց վրա, էդ մարդն էլ առանց փող ծախսելու այգի կունենա, առանց պետական բյուջեին կպչելու, մի գյուղ ակամայից բավական դրական տեղաշարժ կունենա։ Իրանք համաձայնեցին»։
Շնողը ժամանակին 500 հա դեղձի ու խնձորի այգիներ է ունեցել, ավելի շատ, քան հանքարդյունաբերող ընկերության կողմից հատված անտառային տարածքն է։ Տարեկան 4000 տոննա միրգ են մթերել։ Սակայն հողերի սեփականաշնորհումից հետո գյուղացիները վերացրել են դրանց մեծ մասն ու հացահատիկ մշակել՝ իրենց հացի խնդիրը լուծելու հույսով։
«Դուք պատկերացրեք՝ Շնողում արտադրվի 4000 տոննա պտուղ։ Էդ բոլորի վաճառքից էդ գումարը կմնա գյուղում և գյուղի սոցիալական վիճակի վրա էական լուրջ դրական ազդեցություն կթողնի, չէ՞»,- ասում է Շնողի գյուղապետը ։
12 հա տարածքով այգի Շնողում արդեն տնկվել է։ Նախատեսված է մինչև աշնան վերջ կրկնապատկել այդ ցուցանիշը։