Հայ ազգային կոնգրեսը և ՀԺԿ-ն ձևավորեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հանրաքվեին ընդառաջ՝ շտաբը կկազմակերպի «Ոչ»-ի շարժման քարոզարշավը, կձևավորի բոլոր անհրաժեշտ կառույցները, կզբաղվի վստահված անձանց, հանձնաժողովների անդամների նշանակմամբ:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) այսօր «Ոչ»-ի համատեղ շտաբ ստեղծելու մասին որոշում են կայացրել։ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող այս ուժերի կենտրոնական շտաբը կղեկավարի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Շտաբի մյուս անդամների անունները կհրապարակվեն երկուշաբթի օրը։ Լևոն Զուրաբյանն այսօր ասաց, որ կձևավորեն նաև «Ոչ-ի մարզային շտաբեր։

«Շտաբը կզբաղվի «Ոչ»-ի շարժման քարոզով, կնախապատրաստի դրա համար անհրաժեշտ բոլոր կառույցները, կզբաղվի վստահված անձանց, հանձնաժողովների անդամների նշանակման գործով, քարոզչական գործով, հանրահավաքների գործով»,- մանրամասնեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, հանրաքվեի մասին օրենքով, հիմնական իրավունքները տրված են խորհրդարանական խմբակցություններին, որոնք, նաև 60-ական րոպե անվճար եթերաժամ կունենան։ Պատրաստ են նաև ԱԺ-ի մյուս ընդդիմադիր՝ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության շտաբի հետ համագործակցել։ Խնդիրը, ըստ ՀԱԿ-ի շտաբի պետի, մեկն է՝ առաջիկա հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի։ Զուրաբյանի խոսքով, քաղաքականապես ակտիվ զանգվածն արդեն ընկալել է, որ «Ոչ»-ի հաղթանակը իշխանափոխություն է նշանակում։

«Հականալի է, որ մեր հաղթանակն այս հանրաքվեում չի նշանակում անմիջապես հաղթանակ՝ իշխանությունը վերցնելու հարցում, մենք չենք զբաղվում մեր պրոպագանդայով, այ՝ Սերժ Սարգսյանի համար այդ կապը միանշանակ է, նրա հաղթանակը իր հաղթանակն է, նրա պարտությունը՝ իր պարտությունն է»:

«Ոչ»-ի ճակատը միավորած «Չեք անցկացնի» նախաձեռնությունն էլ վերջերս գրասենյակ է բացել։ «Ազատության» հետ զրույցում նախաձեռնությունից Արշակ Մուսախանյանն ասաց, որ «Ոչ» ասող ուժերի շտաբերի աշխատանքները համակարգելու համար առաջիկայում ցանկանում են համակարգող մարմին ստեղծել։

«Դիմելու ենք Հայ ազգային կոնգրեսին և «Ժառանգությանը»՝ ստեղծելու համար շտաբերի միջև կոորդինացիոն ինչ-որ մարմին, որը կզբաղվի հանրաքվեի նախապատրաստման և վերահսկման աշխատանքներով, խնդիրն այն է, որ միայն «Ժառանգության» և ՀԱԿ-ի ֆրակցիաներն իրավունք ունեն ընտրական հանձնաժողովներում ունենալ անդամներ, այդ նպատակով այս գործառույթները միայն հանարավոր է իրականացնել միայն ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ»,- ասաց Մուսախանյանը:

Խորհրդարանում «Ոչ» ասող մյուս ուժի՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ շտաբ ստեղծելու հարց դեռ չեն քննարկել: Հետևաբար՝ միանալ-չմիանալու մասին առաջիկայում կխոսեն: Իսկ այժմ ավելի խորը համագործակցություն ունեն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ։ Այս շարժման հիմնական ուժերից է Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ը, որի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, իրենք «Ոչ»-ի կողմնակիցներին աջակցելու են, բայց ավելի «ռադիկալ» են տրամադրված՝ քաղաքացիական անհնազանդության քայլերով ստիպելու են իշխանություններին հեռանալ։

«Եթե մենք նորից մտնենք այո-ոչի այդ երկընտրանքի մեջ, բնականաբար՝ մենք հայտնվում ենք ռեժիմի վերահսկողության տակ գտնվող մի գոտում, որտեղ խաղի կանոններն ինքն է թելադրում, արբիտրը ինքն է, և, բնականաբար, այդտեղ լուծում չկա, արդեն բազմիցս համոզվել ենք ընտրությունների փորձով, որ հնարավոր չէ հաղթել կազինոյում»,- համեմատեց Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով, թե՛ «Ոչ»-ի ճակատի, թե՛ «Նոր Հայաստան» շարժման վերջնական նպատակը իշխանափոխությունն է, պարզապես դրան հասնելու մոտեցումներն են տարբեր: Բայց, ի վերջո, «այս ուժերը մի օր կմիավորվեն»։

Այսօր մեզ հետ զրույցներում երևանցիներից շատերը նշում էին, որ այս շարժումների մասին թեև «լսել են, բայց դրանց հաջողությանը չեն հավատում»։