Փաստաբանը պնդում է, թե ճնշումների է ենթարկվում Փաստաբանների պալատի ղեկավարի կողմից

Փաստաբան Երվանդ Վարոսյան

Պալատի խորհուրդը անցած շաբաթ խիստ նկատողություն է հայտարարել սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննադատող Երվանդ Վարոսյանին։

Սերժ Սարգյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննադատող, աղմկահարույց մի շարք գործերով հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, թե ճնշումների է ենթարկվում փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանի կողմից։

«Մի քանի հարցում զուտ տարաձայնություններ ունեցել ենք պալատի նախագահի հետ, ու, ցավոք սրտի, դա ընդունվել է անձնական թշնամանքի դաշտում: Եվ այս ամենը դրա հետևանքն է: Ես ցավում եմ, որ դա այդպես է, այդպիսի պիտի չլինի: Փաստաբանների պալատը դա ես չեմ, Փաստաբանների պալատը դա Զոհրաբյանը չէ, Փաստաբանների պալատը բոլոր փաստաբաններն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Պալատի խորհուրդն անցած շաբաթ ուշ գիշերին հրավիրած նիստում խիստ նկատողություն է հայտարարել Երվանդ Վարոսյանին։ Դրանից մեկ օր առաջ Վարոսյանն ու իր համախոհ Լուսինե Սահակյանը քննադատել էին սահմանադրական փոփոխությունները՝ կոչ անելով «ոչ» ասել հանրաքվեին։

«Էդ հապճեպությունը՝ անպայման էդ օրը որոշում ունենալու, ինձ ստիպում է չբացառել արդեն ոչինչ», - ասաց Վարոսյանը:

«Երջանիկ պատահականությամբ ուշ գիշերը՝ ժամը 11-ին, խորհրդի նիստին հայտնվեց վկա, ընդ որում՝ ևս աշխատակազմից, որը տվեց իր ցուցմունքը, և ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց խորհուրդը», - հավելեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանների պալատի խորհուրդ ևս մեկ կարգապահական վարույթ է սկսել Վարոսյանի դեմ։

Լուսինե Սահակյանը մտավախութուն ունի, որ գործնկերոջը ճնշելու նպատակով պալատի ղեկավարությունը մի քանի տույժերով կարող է ի վերջո նրան զրկել արտոնագրից․ - «Ակնհայտ է, որ պալատի նախագահը նաև չի հանդուրժում մեր անկախությունը և այն, որ մենք կարողանում ենք արտահայտվել իշխանությունների դեմ, և նա չի կարողանում որևէ կերպ զսպել մեզ։ Երբ որ մենք ուսումնասիրելու լինենք պալատի նախագահի վարքը, մենք կտեսնենք, որ նա արտահայտվում է միայն թույլատրելիության սահմաններում: Իսկ մենք այն փաստաբանները չենք, որոնք թույլատրելիության սահմաններում են արտահայտվում»:

Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ Արա Զոհրաբյանի ճնշումները միայն պալատի միջոցով չեն սահմանափակվում․ - «Փաստաբանների պալատի ղեկավարը, իր աշխատողի հետ միասին, նյութեր են կազմել՝ փորձելով վարկաբեկել ինձ, իմ գործընկերոջը՝ Լուսինե Սահակյանին, և պատվիրել են դա տեղադրել կայքերում: Փաստն է զարհուրելի»։

Երվանդ Վարոսյանի վերաբերյալ կայքում երկու հոդված է տեղադրել նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանը: Նա վստահեցնում է, թե նյութը ստացել է Փաստաբանների պալատի խոսնակից ու առանց փոփոխության հրապարակել է որպես լուր։

«Ես պատվեր չեմ կատարել, չեմ էլ պատրաստվում երբևիցե նման բան կատարել: Ուղղակի դա եղել է ընկերական խնդրանք, որի նյութը հրապարակվել է, և դրանից հետո տեղի են ունեցել մի շարք զարգացումներ, ինչը ինձ համար տհաճ է եղել», - «Ազատությանն» ասաց Ֆահրադյանը՝ հավելելով․ - «Փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի դեմ անձամբ որևիցե բան չունեմ: Ես երեկ իմ հրապարակային գրառման մեջ ներողություն էի խնդրել փաստաբաններից, որ որոշակի մասնակցություն եմ ունեցել այդ ամենին»:

Փաստաբանների պալատի խոսնակ Հայկ Հակոբյանը չի հերքում որ երկու փաստաբանների վերաբերյալ նյութերն ինքն է ուղարկել լրագրողին՝ խնդրելով հրապարակել։ Նա, սակայն, այսօր զրուցել չցանկացավ, միայն նշեց որ լրատվամիջոցներին հոդվածներ տրամադրելն իր գործառույթն է։

Կատարվածի վերաբերյալ այսօր հրաժարվեց խոսել նաև Փաստաբանների պալատի ղեկավարը։ Արա Զոհրաբյանը առայժմ միայն համերաշխության կոչ է արել «Ֆեյսբուք»-ում՝ առաջարկելով մտածել «փաստաբանական համայնքի զարգացման մասին»։

«Համերաշխության մասին պետք էր մտածել, երբ որ դու քո գործընկերոջ վերաբերյալ կեղտոտ նյութ ես պատվիրում», - արձագանքեց Երվանդ Վարոսյանը: