Այսօր առավոտից կառավարության շենքի մոտ են օրերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները՝ պահանջելով հանդիպում հատկապես արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։
Ցուցարարները պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ նշելով, որ գործերում կան նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա։ Սակայն, ըստ ցուցարարների, դատարանները նույնիսկ «աչքի չեն անցկացրել այդ հանգամանքները»։ Նրանք վստահ են, որ եթե գործերը վերանայվեն, ապա շատերի պատժաժամկետները կկրճատվեն, ոմանք նույնիսկ ազատ կարձակվեն։
Ակցիայի մասնակիցները նաև դժգոհում են իրենց հարազատների պահման պայմաններից, սննդից։ Նշում են, որ քրեակատարողական հիմնարկում նույնիսկ բուժօգնություն ժամանակին չի ցուցաբերվում։
Ցուցարարներն իրենց պահանջը հասցեագրել են նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, սակայն նրանցից որևէ մեկը դեռ չի արձագանքել։
Մոտ երեք ժամ կառավարության շենքի մոտ սպասելուց հետո ցուցարարները երթով շարժվում են նախագահի նստավայր։
Նրանք ասում են, որ իրենք 2009 թվականին նույն պահանջով 13 հազար ստորագրություններով նամակ են հանձնել նախագահին, սակայն որևէ պատասխան չեն ստացել։
Ցուցարարները սպառնում են կառավարության շենքի մոտ նստացույց-հացադուլ սկսել, քանի դեռ իրենց հարազատները քրեակատարողական հիմնարկում են հացադուլ անում։
Հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 12-ից անժամկետ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը։
Այսօր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հացադուլավորների թիվն արդեն 50 է։