Գերակա շահ ճանաչված շենքերի բնակիչների 10 տարվա պայքարն արդյունք չտվեց

Հյուսիսային պողոտայում հին Երևանից մնացած վերջին շենքերի 5 բնակիչներ դատարանի որոշմամբ պարտավոր են մեկ ամսից լքել տները:

Տասը տարվա պայքարն արդյունք չտվեց, գերակա շահ ճանաչված Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներն այդպես էլ չկարողացան իրենց ակնկալած համարժեք փոխհատուցումը ստանալ քանդվող բնակարանների դիմաց: Վերաքննիչ դատարանում պարտված երևանցիները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան:

«Օրենքի մեջ գրված է՝ գերակա շահի մեջ՝ մարդկանց բավարարել փոքր կենտրոնում կամ Երևանի կենտրոնում: Էդ գումարը թող իրեն պահի, խնդրեմ՝ գնա կողքի շենքերից բնակարան գնի ինձ տա: Ինքը ասում ա՝ թանկ ա: Մեր բնակարանները, ուրեմն, հավանոց ա, իսկ էն բնակարանները, որ ինքը պիտի գնի, իր համար թանկ ա: Էտի չոր բիզնես ա՝ էժան գնի, թանկ վաճառի», - «Ազատության» հետ զրույցում պատմում էր բնակիչներից մեկը:

Կառավարությունը 2008-ին այս տարածքը գերակա շահ է համարել, հիմնավորելով՝ Երևանի կենտրոնից կվերանա խառը, անկանոն, ոչ սեյսմակայուն կառուցապատումը, փոխարենը կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր: Երևանի քաղաքապետարանից, սակայն, տեղեկացանք, որ քանդման ենթակա շենքերն ընդգրկված չեն վթարայինների ցանկում: Բնակիչներից Կարեն Ֆիլոյանը, ով դատարանի որոշմամբ նույնպես պետք է մյուս ամիս լքի տունը, ասում է՝ արտակարգ իրավիճակների նախարարությունից փաստաթուղթ են ստացել, որ շենքը սեյսմակայուն է, դա նաև դատարան են ներկայացրել․ - «Երեք հատ երկրաշարժ ա տարել: Էս շենքերը արդեն ճաքում են՝ էս թազեքը: Մեր շենքը ճաք չունի, մեր շենքը շատ պինդ շենք ա»:

Կառավարության հիմնավորումից հստակ չէ, թե այս տեղում գործարար Սամվել Մայրապետյանն ինչ է կառուցելու: Բնակիչները պնդում են՝ իրենց ասել են, թե հյուրանոց է կառուցվելու:

Ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը տարիներ շարունակ հարցը քաղաքապետարանում է բարձրացրել, բազմիցս ուսումնասիրել է կառավարության հիմնավորումն ու եկել եզրահանգման՝ կառավարությունը չի համոզվում, որ քանդվող շենքի փոխարեն պետության համար կարևոր շինություն պետք է լինի: Բախշյանը պնդում է ՝ խախտվել է սեփականության օտարման մասին օրենքը, որի համաձայն սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը: Վտարման վտանգի առջև կանգնած Կարեն Ֆիլոյանը հաստատում է՝ կառուցապատողի տված գումարով չի կարող կենտրոնում տուն գնել:

«Կրա՞կն եմ ընկել, որ կենտրոնում եմ ծնվել» ,- հարցնում է նա: