Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազը քննում է մարդկության դեմ հանցագործությունները 2008 թվականի օգոստոսի ռուս - վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ:
Ըստ դատարանի հաղորդագրության, դատախազ Ֆատու Բենսուդան ասել է՝ կան ապացույցներ այն մասին, որ վրացական և հարավօսական ուժերը հարձակումներ են գործել խաղաղապահների վրա:
Ռուսական կողմի առնչությամբ, ըստ դատախազի, կան վկայություններ, ըստ որոնց՝ 113 էթնիկ վրացիներ են սպանվել, 18.5 հազար մարդ տեղահանվել է:
«Էթնիկ վրացի բնակչությունը հակամարտության գոտում նվազել է առնվազն 75 տոկոսով», - հայտարարել է դատախազը և ավելացրել, որ հանցագործությունն իրականացվել է «ռուսական զինված ուժերի հնարավոր մասնակցությամբ»:
Դատախազի խոսքով, ռուսամետ անջատականները Հարավային Օսիայում հավանական հանցագործությունները կատարել են «առանձնակի դաժանությամբ և խտրական հիմքերով»:
Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, Միացյալ Նահանգներում երկրի նախկին դեսպան Դավիթ Սիխարուլիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում վերահաստատել է՝ Վրաստանում տեղի են ունեցել էթնիկ զտումներ:
«Էթնիկ վրացիներն արտաքսվել են Ցխինվալիի շրջանից: Սա շատ կարևոր հարց է մեզ համար, քանի որ դա պատերազմի ամենասարսափելի մասն է: Ռուսաստանը Հռոմի կանոնադրությանը չի անդամակցում, այսպիսով Միջազգային քրեական դատարանի իշխանությունը չի տարածվում Ռուսաստանի վրա, բայց Ցխինվալին Վրաստանն է, և Վրաստանը Հռոմի կանոնադրությանը միացած երկիր է», - մեկնաբանել է Դավիթ Սիխարուլիձեն:
Ինչ վերաբերում է վրացական կողմին վերագրվող դատախազի կասկածներին, ապա դրանց առնչությամբ տեսակետ է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Սերգի Կապանաձեն: Նրա գնահատմամբ՝ վրացական կողմը պետք է Հաագայի դատարանին ցույց տա, որ 2008-ի օգոստոսին ռուս խաղաղապահների վրա հարձակումների ժամանակ արդեն վրացիները ներքաշված են եղել պատերազմական գործողությունների մեջ: Կապանաձեն նաև պնդել է, որ տվյալ իրավիճակում ռուսներն արտաքուստ են եղել «խաղաղապահի» կարգավիճակում: Նախկին փոխնախարարը նաև ընդգծել է դատարանի հետ հնարավորինս սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է. - «Միջազգային քրեական դատարանի դատախազի հարցումը Վրաստանում հետաքննություն իրականացնելու կապակցությամբ կարող է ուղի հարթել 2008 թվականին Հարավային Օսիայում միջազգային հանցագործությունների հարցով արդարադատություն իրականացնելու համար»:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, Միջազգային քրեական դատարանի դրական որոշումը կարող է լինել վերջին ատյանի գնահատական:
«Մարդկանց մահվան և արտաքսման փաստերի կապակցությամբ արդարադատություն իրականացնելը մինչ այժմ անհնար էր Ռուսաստանում և Վրաստանում հետաքննություն իրականացնելու հարցում առաջընթացի բացակայության պատճառով», - մեկնաբանել է Human Rights Watch-ի ավագ իրավաբան Էլիզաբեթ Իվենսոնը և ավելացրել՝ պատերազմից տուժածները դեռևս սպասում են արդարադատության: