Հայաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը

Այսօր երեկոյան Հայաստանի կառավարության շենքում ավարտվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները, որոնք նախատեսվածից մոտ 40 րոպե ավելի տևեցին:

Բանակցություններից հետո Աբրահամյանն ու Ջահանգիրին լրագրողների առջ հանդես եկան հայտարարություններով: Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ քննարկել են հիմնականում առևտրատնտեսական բնույթի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Շոշափեցինք Եվրասիական տնտեսական միություն-Իրան հարաբերություններին առնչվող հարցերը, ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցել ԵՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը, մասնավորապես, ԵՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում։ Կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ անդրադարձել են նաև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին.- «Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքները արդեն մեկնարկել են, համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին։ Միևնույն ժամանակ հստակեցրեցինք Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը։ Անդրադարձանք նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում»։

Իրանի առաջին փոխնախագահը իր խոսքում շեշտեց, որ «քաղաքական ոլորտում երկու երկրների միջև որևէ սահմանափակում չկա հարաբերությունների զարգացման առումով»։ Ջահանգիրիի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր դուռ է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

«Իրանի և միջազգային հանրության միջև՝ 5+1 շրջանակում ձեռք բերված հաջողությունները նոր ու դրական պայմաններ են ստեղծում հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ են բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակ դժվարություններ ուներ, Հայաստանի վարչապետի Իրան այցելության ընթացքում և մեր բանակցությունների արդյունքում վերսկսվել է, և համոզված ենք՝ կարճ ժամանակում այդ ծրագիրը կավարտենք: Իրանն ու Հայաստանը կապող ավտոմայրուղու և երկաթագծի հետ կապված լավ քննարկումներ ենք ունեցել: Համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության արդյունքում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովի ճանապարհներին, և Իրանի տրանսպորտի նախարար Ախանդին ինձ ուղեկցում է հայաստանյան այս այցի ընթացքում, և հուսով եմ լուրջ քննարկումներ կունենա իր հայաստանցի գործընկերոջ հետ: Որոշեցինք նաև անհրաժեշտ քայլեր կատարել «մաքսային մեկ պատուհանի» կիրառման ուղղությամբ՝ սահմանային Նորդուզ կետում»,- ասաց իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։