ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը երեկ տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ անսպասելիորեն արժանացել է հիմնական մրցակցի աջակցությանը իր էլեկտրոնային նամակների հետ կապված սկանդալի հարցում:
Վերմոնտ նահանգից ընտրված 74-ամյա սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է․ - «Ամերիկացիները հոգնել ու զզվել են՝ լսելով ձեր անիծյալ էլեկտրոնային նամակների մասին»:
Քլինթոնը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Սանդերսին և լայն ժպտացել՝ հեռուստաբանավեճին հետևողների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ: Բայց այս հարցը, թերևս, միակն էր, որի կապակցությամբ համաձայնություն արտահայտեցին 2016 թվականի նախագահի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճին մասնակցող հիմնական թեկնածուները:
Քլինթոնն ու Սանդերսը ջերմ ժպիտներից հետո հակադիր տեսակետներ հայտնեցին Wall Street-ի, կապիտալիզմի, զենքի նկատմամբ վերահսկողության և սիրիական ճգնաժամի հաղթահարման հետ կապված հացերում:
Բերնի Սանդերսը կարծիք հայտնեց, թե Միացյալ Նահանգները պետք է տնտեսությունը ծրագրի եվրոպական պետությունների օրինակով: Մինչդեռ, Քլինթոնի գնահատմամբ, Միացյալ Նահանգների հնարավորությունները չեն համապատասխանում Սանդերսի պատկերացումներին:
«Դանիա չենք», - առարկեց Քլինթոնը և իրեն բնորոշեց` «առաջադեմ, բայց առաջադեմ, որը սիրում է կատարել իր խոստումները»:
90-ականներին Միացյալ Նահանգների առաջին տիկին Հիլարի Քլինթընը, որը, մեկնաբանների գնահատմամբ՝ երեկ ամենաակտիվն է եղել հեռուստաբանավեճի ժամանակ, ասել է․ - «Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները պարզորոշ ասի Պուտինին, որ անընդունելի է Սիրիայում ստեղծել ավելի քաոսային իրավիճակ՝ ռմբակոծելով ի օգուտ Ասադի»:
Բերնի Սանդերսը հակադարձել է Քլինթոնին՝ չհամաձայնելով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման կապակցությամբ Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պայմանի հետ:
Քլինթոնն առաջարկել է Սիրիայի երկնքում ստեղծել թռիչքներից ազատ գոտի, Սանդերսը պնդել է՝ կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: