Հալեպահայերը հիմնականում դրական են գնահատում Սիրիայում ռուսական օդուժի գործողությունները

Սիրիա - Ավերված Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին Հալեպում, մայիս, 2015թ.

Ըստ «Գանձասար» թերթի խմբագրի, հայերը հույս ունեն, որ գոնե սա կարող է վերջ դնել սիրիական քառամյա պատերազմին։

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները հիմնականում դրական են գնահատում Սիրիայում ռազմական գործողություններին ռուսական օդուժի մասնակցությունը։

Տեղի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ թեև հալեպահայերը քաղաքական հայտարարություն չեն արել, սակայն հույս ունեն, որ գոնե սա կարող է վերջակետ դնել սիրիական քառամյա պատերազմին։

«Բոլոր այն քայլերին, որ սիրիական պետության տարածքային ամբողջականությունը կպահպանեն, դրական ենք արձագանքում։ Մեզ համար հիմնականը այս տագնապի ավարտն է և ահաբեկչական այս շարժմանը վերջ գտնելն է։ Համայնքը, որպես համայնք, նվազագույն վնասներով դուրս գալու մասին է մտածում, համայնքը պաշտպանելու», - ասաց Պողիկյանը։

Հալեպաբնակ հայերի փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում հրթիռակոծությունները նվազել են, և քաղաքի մարդաշատ թաղամասերն ավելի քիչ են հայտնվում թիրախում։

«Երբ իրար հետ ընտանիքներով նստում ենք, կամ երբ որ հեռուստացույցով լուրեր ենք լսում, հուսադրվում ենք, որ ոնց որ թե ավելի լավ է։ Ռուսական զորքերը Հալեպ չմտան, բայց այս մեկ-երկու օրը գրում են, որ պիտի խփեն», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Մայդա Բակկալյանը։

Երևանյան Վերնիսաժում աշխատող սիրիահայերի քննարկումների հիմնական թեման նույնպես Հալեպի վերջին իրադարձություններն են։ Հնավաճառ Վազգեն Տեր-Դավիդյանն ունեցվածքը թողել ու, իր խոսքով, մեկ շապիկով Հայաստան է եկել, երբ Հալեպի տունը մի քանի անգամ ռմբակոծվել է։

«Մեր տան հետևը իսլամական զինյալներ կային, ճիշտ մեր տան հետևը՝ մեկ թաղ այն կողմ։ Չորս անգամ տունը նորոգել եմ», - ասաց Տեր-Դավիդյանը։

Նա ծննդավայրի մասին հիմա եղբայրներից է տեղեկություն ստանում։ Վազգեն Տեր-Դավիդյանը վստահ չէ, թե Ռուսաստանի մասնակցությամբ պատերազմին կարող է վերջ դրվել։ «Ռուսական զորքերն առաջ են ընթանում, սիրիական բանակն առաջ է ընթանում, բայց չգիտենք, թե արդյունքն ինչ պետք է լինի. կարող է ավելի վատ լինել՝ համաշխարհային պատերազմի գնանք, չգիտենք», - ասաց Տեր-Դավիդյանը։

Հնավաճառը նշեց, որ թեև որոշ եկեղեցիներ ու վարժարաններ դեռ կանգուն են, սակայն հայկական համայնք ասվածն «այլևս չկա»։

Հարևանությամբ աշխատող գորգավաճառ Նազարեթ Ալոյանը, ով Հալեպում տունն ու խանութներն է կորցրել, համակարծիք է՝ հարևանները Սիրիա վերադառնալ չեն ցանկանում, որոշել են Հայաստանում հաստատվել ու քանդված տների փոխարեն այստեղ նոր տուն կառուցել։ «Այս շաբաթվա մեջ վերջնական տուն պետք է վերցնեմ։ Հունվարին՝ մեր Զատիկին, երբ պիտի գնամ Հալեպ, ինչ որ կարողանամ այնտեղ ծախել, պետք է ծախեմ՝ ավտոս ... և գանք, հաստատվենք այստեղ», - ասաց Ալոյանը։