Եվրոպական դատարանը գրանցել է Շանթ Հարությունյանի և ընկերների գործը

Եվրոպական դատարանը հոկտեմբերի 1-ին գրանցել է «արժեքների հեղափոխության» գործով 6-7 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի և ընկերների գործը։

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը Եվրոպական դատարան ուղարկած գանգատում նշել է, թե խախտվել են Հարությունյանի և նրա ընկերների՝ խաղաղ երթն անցկացնելու, անմեղության և արդար դատաքննության իրավունքները։

Փաստաբանը զարմացած է, որ Եվրոպական դատարանում 15 օրվա ընթացքում գրանցել է գանգատը.- «Սա, ըստ էության, բավականին կարճ ժամկետ է գործերի գրանցման համար։ Մեր մեր գործընկերները Ստրասբուրգից գոհունակություն հայտնեցին՝ ասելով, որ 15 օրում նման դեպք իրենց պրակտիկայում չէր էլ եղել»,- ասաց Պետրոսյանը։

Խուլիգանության մեղադրանքով վեց տարվա ազատազրկման դատապարտված Հարությունյանի փաստաբանը Ստրասբուրգ ուղարկված հայցում պնդել է՝ անմեղության կանխավարկածը խախտվել է, երբ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դատաքննության ավարտն արդեն իսկ իր պաշտպանյալին հանցագործ է անվանել։

«Նա մոտավորապես ասաց, որ հանցագործություն է կատարել և պետք է դրա համար պատիժ կրի, այն դեպքում, երբ դեռևս չունեինք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այդ դեպքում միայն կարող է մարդը համարվել հանցագործություն կատարած անձ»,- շեշտեց Պետրոսյանը։

Փաստաբանը ՄԻԵԴ ուղարկված իր գանգատում նաև պնդել է, թե դատարանը խախտել է Շանթի և ընկերների արդար դատավարության իրավունքը.- «Ոմանց զրկեց նաև պաշտպան ունենալու, վերջին խոսքով հանդես գալու իրավունքից և փաստորեն դատարանը մի երկու ժամվա ընթացքում կայացրեց մի դատավճիռ, որը բավականին ծավալուն էր։ Ըստ էության, անհնարին էր խորհրդակցական սենյակում մնալով մոտ 2-2.5 ժամ՝ կայացնել 14 հոգու վերաբերյալ դատավճիռ»։