Գրողի մահվան 25-րդ տարելիցին նվիրված վավերագրական ֆիլմի հեղինակները՝ «Ազատության» հայկական ծառայության մոսկովյան թղթակից Ազա Բաբայանն ու ռուս լրագրող Վադիմ Դուբնովը, այսօր պրեմիերայից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում շեշտում էին, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մեկ տարի, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել այն մարդկանց հետ, ովքեր ճանաչել են մեծ գրողին թե՛ Ռուսաստանում, թե՛ Էստոնիայում, թե՛ Միացյալ Նահանգներում՝ փորձելով բացահայտել 20-րդ դարի երկրորդ կեսի մեծագույն գրողներից մեկի կերպարը:
Ազա Բաբայանի խոսքով՝ ամենադժվարը ունեցած նյութից հրաժարվելն էր․ - «Քանի որ ֆիլմը 52 րոպե է, իսկ նկարահանված նյութը՝ մոտ 40-50 ժամ: Հինգ երկրներում ենք նկարահանել, տարբեր քաղաքներում: Շատ մարդկանց ենք նկարահանել՝ ժամանակակիցներին, ընկերներին, ընկերուհիներին, պարզապես կոլեգաներին, և, բնականաբար, մեծ էր նյութը»:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե անձամբ իր համար ինչ է բացահայտել ֆիլմի վրա աշխատելու ընթացքում` Բաբայանը պատասխանեց․ - «Ամենամեծ զարմանքս այն էր, որ կարելի է չորս ամիս աշխատել մի նյութի վրա, մի մարդու ստեղծագործության ու կյանքի վրա ու չգտնել որևէ բան, որը քեզ կհիասթափեցնի: Իրենից՝ որպես մարդու: Այն, ինչ ինքը գրում էր, դրանից շատ ավելի խորն էլ ինքը կար: Զարմացրեց նաև, որ շատերն էին ասում՝ նրանք, ովքեր սիրում էին Դովլաթովին, ասում էին, որ նա տխուր մարդ էր»:
Վադիմ Դուբնովը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք գոհ է կատարած աշխատանքից, ասաց՝ իհարկե ոչ․ - «Ես երբեք մինչև վերջ գոհ չեմ լինում իմ արածից, միշտ թվում է, որ կարող էի ավելին անել: Մեծ նպատակ ունեինք և ինչ-որ չափով մեր նպատակին հասել ենք: Այդ առումով գոհ եմ: Իսկ տեխնիկական առումով` թե ինչպիսի ֆիլմ է ստացվել, երևի հանդիսատեսը կդատի»:
Հարցին, թե արդյոք մարդիկ այսօր ճանաչում են Դովլաթովին, Դուբնովն արձագանքեց․ - «Ամենապարզ պատասխանն այն է, թե դա սերունդների հետ կապված խնդիր է՝ իբր կա մի սերունդ, որի համար Դովլաթովն ինչ-որ բան նշանակում է: Բայց ես զարմանքով հայտնաբերեցի, որ կան երիտասարդներ, ովքեր չեն ճանաչել ո՛չ խորհրդային իրականությունը, ո՛չ խորհրդային դրվածքը, այդուհանդերձ չգիտես ինչու կարդում են, չգիտես ինչու նրանք ոչ միայն կարդում են, այլև ընկալում են: Մի ներքին վախ կար, որ Դովլաթովը կարող է ընկալվել որպես իր ժամանակի «երգիչը», բարեբախտաբար պարզվեց, որ ոչ, այսօր երիտասարդությանը շատ հարազատ ու սրտամոտ հեղինակ է»:
Ֆիլմը նկարահանվել է ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Այս երեկո ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն նաև Դովլաթովի այրին և դուստրը՝ Ելենա և Եկատերինա Դովլաթովաները, ովքեր նաև լրագրողների հետ հանդիպմանն էին ներկա: Լրագրողների հարցերին պատասխանելիս սակավախոս էին, բայց նրանց աջակցությունը ֆիլմի ստեղծման աշխատանքներին զգալի է եղել՝ տրամադրել են արխիվային նյութեր, լուսանկարներ, գրողի հարցազրույցներ և այլն: