Ռուսաստանի ՊՆ․ ԻՊ-ի սպառազինության զգալի մասը ոչնչացված է

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Սիրիայի զինված ուժերի հետ շփման գծում «Իսլամական պետության» նյութատեխնիկական ապահովումը խախտված է ռուսական օդանավերի մարտական կիրառման արդյունքում, զինյալները ջանում են ռազմամթերք և վառելիք փոխադրել Ռաքքա նահանգից, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Վերջին օրերին ահաբեկիչները հուսահատ փորձեր են ձեռնարկում՝ Ռաքքա նահանգից սիրիական զինված ուժերի հետ շփման գիծ փոխադրելու ռազմամթերք, սպառազինություն, վառելիք և նյութատեխնիկական գույք», - ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կոնաշենկովը:

Նա վստահեցրել է, որ «Իսլամական պետության» տրամադրության տակ եղած զենքի, ռազմամթերքի և զինտեխնիկայի համար նախատեսված վառելիքի «զգալի մասը» ոչնչացվել է ռուսական ռազմական օդանավերի կետային հարվածներով:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը, իր հերթին, այսօր հայտարարել է, որ բանակային ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Հալեպի ազատ գոտու, Համա և Լաթաքիա նահանգների 13 բնակավայրերի և մեկ շրջանի նկատմամբ: