Կարապի լճից՝ Սպիտակ տուն

Հայաստան - Ռեփեր Քանյե Վեսթը ելույթ է ունենում Կարապի լճում, Երևան, 13-ը ապրիլի, 2015թ․

Կարապի լճից` Սպիտակ տուն՝ ինչպես պետք է անցնի այս ճանապարհը Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Վեսթը, ով մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, թե 2020 թվականի ընտրություններին պատրաստվում է պայքարել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը Սան Ֆրանցիսկոյում Դեմոկրատական կուսակցության կազմակերպած բարեգործական երեկոյի ընթացքում որոշեց մի շարք խորհուրդներ ուղղել հայտնի երգչին:

«Նախ և առաջ, դու ստիպված ես լինելու բավական շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր իրենց այնպես կպահեն, կարծես ռիալիթի շոուում լինեն», - հայտարարեց Օբաման` ակնհայտորեն ակնարկելով հեռուստատեսային այդ ձևաչափի գլխավոր ամերիկյան աստղին`Քիմ Քարդաշյանին: Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, սակայն, պնդում են, որ ակնարկը մեկ այլ հասցեատեր ևս ուներ` Հանրապետական կուսակցության նախագահական հավակնորդներից մեկը` միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով նույնպես մի քանի անգամ մասնակցել է տարատեսակ ռիալիթի շոուների:

Հիշեցնենք, որ իր նախագահական հավակնությունների մասին Քիմ Քարդաշյանի ռեփեր ամուսինը հայտարարեց օգոստոսի վերջին MTV հեռուստաընկերության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

Այժմ էլ ահա, այդ հայտարարությունից մոտ մեկուկես ամիս անց, Բարաք Օբաման Քանյե Վեսթին կես կատակ, կես լուրջ խորհուրդներ է տալիս` ինչպես է հարկավոր պայքարել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար: Հիշատակելով Վեսթի ամենահայտնի ալբոմներից մեկը` «Իմ հիասքանչ և աղաղվաղված մութ երևակայությունը», Օբաման երաժշտին խորհուրդ էր տալիս քիչ խոսել նման թեմաներից:

«Քաղաքականության մեջ դա կոչվում է սխալ ուղերձ: Բազմաթիվ կոնգրեսականներ կորցրել են իրենց աթոռը նման հայտարարությունների պատճառով», - նշեց Օբաման` իր խորհուրդների ցանկն ավարտելով իր և երգչի միջև հստակ զուգահեռ անցկացնելով:

«Մի՞թե դու իրոք հավատում ես, որ այս երկրում կքվեարկեն զվարճալի անունով, Հարավային Չիկագոյից սերող սևամորթ տղամարդուն օգտին: Դա բացառվում է, դա ուղղակի խելագարություն է», - հայտարարում էր Օբաման:

Նշենք, որ թե՛ ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը և թե Քանյե Ուեսթը մեծացել են Չիկագոյի հարավային թաղամասերում: