Հաագայի դատարանը մտադիր է քննել 2008-ի ռուս - վրացական պատերազմը

Դատախազ Ֆատու Բենսուդան Հաագայի դատարանում, արխիվ

Դատախազ Ֆատու Բենսուդան նման քննության «բանական հիմքեր» է տեսնում:

Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ իր դատախազը ծրագրում է քննել 2008 թվականի Հարավային Օսիայի հակամարտության ընթացքում տեղ գտած հնարավոր հանցագործությունները: Այդ մասին դատարանը հայտնել է հինգշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ:

Եթե դատավորները հավանություն տան դատախազ Ֆատու Բենսուդայի հայտին, սա կդառնա առաջին դեպքը, երբ Ռուսաստանը Հաագայի դատարան կկանչվի որպես պատասխանող կողմ:

Ինչպես իր հաղորդագրությունում նշում է դատարանը, Բենսուդան «բանական հիմքեր» է տեսնում ենթադրելու, որ Հարավային Օսիայում վրաց-ռուսական հակամարտության ժամանակ զինվորական հանցագործություններ եղել են: Դատախազի տվյալներով՝ հակամարտության ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ էլ ստիպված եղել լքել իրենց տները:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2009 թվականին հայտարարել է, որ Հարավային Օսիայում հակամարտության ժամանակ զինվորական հանցագործություններ են եղել երկու կողմի մասնակցությամբ:

Վրացի իրավաբանները Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց են ներկայացրել 2008 թվականի ռուս - վրացական պատերազմից հետո, սակայն այն ժամանակ որոշ տեխնիկական պատճառներով հայտը չեղարկվել է:

Ներկայումս Միջազգային քրեական դատարանում քննության է սպասում Ուկրաինայի հայցը, որը նույնպես Ռուսաստանի դեմ է: Կիևը պահանջում է փոխհատուցել Դոնբասի պատերազմի, ինչպես նաև Ղրիմի բռնակցման արդյունքում պատճառված վնասները:

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի խոսքով, դատարանում պարտվելու դեպքում Ռուսաստանը պետք է վճարի շուրջ 50 միլիարդ դոլար: