Երեկ Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ Տիգրան Պասկևիչյանի ու Արա Շիրինյանի «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Այն Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և դրանով պայմանավորված՝ «25 տարի շարունակվող լռության» մասին է:
Հատված՝ ֆիլմում հնչող մի խոսքից․ - «Տնտղեցին միմյանց ցանկություններն ու հնարավորությունները, սակայն փոխըմբռնման չհասան. Հայաստանը Ղարաբաղին մենակ թողնել չէր կարող, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանին»:
«Ֆուտբոլային դիվանագիտությունը չհաջողեց։ Գնդակը դարպասում հայտնվելուց անմիջապես հետո դարպասաձողից հետ եկավ, Թուրքիան առնվազն որպես մտադրություն հայտարարեց, որ առանց Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանի, արձանագրությունները չի վավերացնի»,- ասում է ֆիլմի հերոսներից մեկը՝ թուրք լրագրող Մեթե Չուբուքչուն։
Վավերագրական այս ֆիլմում հնչում է ոչ միայն գործընթացին հետևող լրագրողների, այլև պաշտոնաթող քաղաքական գործիչների՝ նախկին նախագահների ու դիվանագետների կարծիքը։ Աբդուլա Գյուլն, օրինակ, պատմում է Հայաստանից ստացած իր տպավորությունների ու Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին։
Հատված՝ Գյուլի խոսքից․ - «Այն հացը, որով մեզ հյուրասիրեցին, որևէ կերպ չէր տարբերվում Կեսարիայի, Անատոլիայի կամ այլ քաղաքներում մեր կերած ճաշերից։ Շատ նշանավոր մի երաժիշտ մեզ համար դուդուկ նվագեց։ Ես այդ մեղեդիները կարող էի թուրքերենով երգել, վստահ եմ՝ Սարգսյանն էլ՝ հայերենով։ Ուզում եմ ասել՝ որպես այս հողերի մարդիկ՝ պատմությունից եկած շատ նմանություններ ունենք։ Խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելը պետք է ծառայի թե՛ Թուրքիայի և թե՛ տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու խաղաղությանը»։
Եվրոպական դրամաշնորհով ստեղծված ֆիլմի հեղինակները նշում են, որ փակ սահմանի խնդիրը հայ և թուրք հասարակությունները դեռ չեն հաղթահարել։ Թուրքիայի պատմության հիմնադրամի ներկայացուցիչ Մեսութ Յաշար Թուֆանը պատմում է՝ գործող պաշտոնյաները հարցազրույցներից հրաժարվել են, նախկիններն էլ խոսել են կաշկանդվելով։
«Ժամանակին բանակցություններին մասնակցած պաշտոնյաներն այսօր թոշակառուներ են, և դժվար չէր նրանց կարծիքն իմանալ: Այնուամենայնիվ, նույն այդ պաշտոնյաները բարդույթներ ունեին մեզ հետ շփվելիս։ Ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ նորից վերանայեցինք պատմությունը, փորձեցինք հասկանալ, թե որ կետերում ենք սխալներ գործել և ինչպես հաղթահարենք դրանք»,- ասում է Մեսութ Յաշար Թուֆանը։
Ֆիլմի հեղինակները պնդում են՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար անհրաժեշտ է, որ այն նախ հաղթահարվի մարդկանց մտքում։ Ակնկալվում է, որ ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաև Թուրքիայում։
«Թուրքիայում մենք ինքներս սպասումների մեջ ենք, սպասում ենք, թե երբ է Թուրքիան առերեսվելու իր իսկ պատմության հետ։ Քանի դեռ կառավարությունը այս ուղղությամբ քայլեր չի անում, մենք որպես հասարակության անդամներ պարտավոր ենք անել ամեն բան»,- շարունակում է Թուրքիայի պատմության հիմնադրամի ներկայացուցիչը։
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն էլ նշում է․ - «Աս խնդիրը բավական ծանրաբեռնված օրակարգով հարց մըն է, քիչ մը համբերատար գործընթաց կենթադրե, համբերատարությունը ծայրը բաց երևույթ մըն է»։