Եթե Սիրիայում գործող ռուսական օդուժը շարունակի խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա կարող է լրջորեն ազդել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց երեկ Բրյուսելում` Բելգիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն: Բայց եթե Ռուսաստանը Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի՝ մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի», - հայտարարում էր Էրդողանը:
Հիշեցնենք՝ Սիրիայում ծավալված ռազմական գործողություններին մասնակցող ռուսական ռազմական օդանավերը երեք օրերի ընթացքում երկու անգամ խախտեցին Թուրքիայի օդային սահմանը, ինչն առաջացրեց պաշտոնական Անկարայի շատ կոշտ արձագանքը: Յուրաքանչյուր միջադեպից հետո Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը ստիպված էր լինում ժամանել թուրքական արտաքին գործերի նախարարություն` պաշտոնական բացատրություն տալու:
Թուրքիայի նախագահի խոսքով, սակայն, եթե ռուսական օդուժը շարունակի խախտել թուրքական օդային սահմանը, Անկարան դիվանագիտական հորդորներից ավելի կոշտ գործողությունների կանցնի:
«Թուրքիայի դեմ հարձակումը հարձակում է նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ, դա ի վերջո բոլորը պետք է հասկանան: Մենք չեն կարող հանգիստ նստել և նայել, թե ինչպես են ռուսական օդանավերը ներխուժում Թուրքիայի օդային տարածք: Մենք պահանջում ենք, որպեսզի այդ միջադեպերին վերջ տրվի: Ավելին, ՆԱՏՕ-ն երեկ այս առթիվ բավական կոշտ վերջնագիր է ընդունել, և մենք էլ մեր հերթին չենք պատրաստվում հանդուրժել նման միջադեպերը», - հայտարարում էր Էրդողանը:
Նշենք, ի դեպ, որ ռուսական կողմը չի հերքում Թուրքիայի սահմանը խախտելու մասին տեղեկությունները: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ սահմանի խախտման առնվազն մեկ դեպքի պատճառը թուրք - սիրիական սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական ավիաբազայի շրջակայքում տիրող անբարենպաստ եղանակային պայմաններն էին:
«Մի շարք ստուգումներից և ճշտումներից հետո Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիացիոն խմբի հրամանատարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել` նմանատիպ միջադեպերի կրկնությունը հետագայում բացառելու համար», - հայտարարում էր Կոնաշենկովը: