Ուկրաինան լավատես է Սավչենկոյի ազատ արձակման հարցում

Նադեժդա Սավչենկոն ռուսական դատարանում, արխիվ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը նշել է, որ ուկրաինական կողմը լավատես է օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման հարցում։

«Մեզ մոտ տպավորություն է, որ ռուսական կողմը լուրջ է վերաբերվում, և ըստ այդմ՝ մեզ մոտ առկա է զգուշավոր լավատեսություն հարցի լուծման կապակցությամբ»,- ասել է Ելիսեևը։

Ելիսեևի խոսքով՝ Ուկրաինայից բացի ամբողջ միջազգային հանրությունը պահանջում է ազատ արձակել Սավչենկոյին, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող մյուս ուկրաինացիներին, մասնավորապես՝ ռեժիսոր Օլեգ Սենցովին, ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյին։

Միևնույն ժամանակ, այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը երկարաձգել է Սավչենկոյի կալանքը՝ մինչև 2016 թվականի հունվար։

Նադեժդա Սավչենկոն կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին: Նա մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինացի օդաչուին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սավչենկոն իրեն առաջադրված մեղադրանքը որակում է քաղաքական: Նա հերքում է դատախազության պնդումները՝ հիմնավորելով, որ ռուս լրագրողները սպանվել են այն ժամանակ, երբ իրեն արդեն ուժով տեղափոխել են ռուսական տարածք: Իրեն բռնությամբ տեղափոխելու վերաբերյալ պնդումներով Սավչենկոն հերքում է նաև սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը: