Ռուսական օդուժը նոր հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ, 1-ը հոկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հայտարարության համաձայն, վերջին մեկ օրում ռուսական օդուժը Սիրիայում 25 մարտական թռիչք է իրականացրել` ոչնչացնելով «Իսլամական պետության» 9 ռազմական օբյեկտ:

«Էր-Ռաստանում ոչնչացվել է «Իսլամական պետության» կապի կենտրոններից մեկը: Իդլիբում ոչնչացվել է շուրջ 30 միավոր ծանր զրահատեխնիկա՝ ներառյալ T-55 մակնիշի տանկեր, որոնք «Իսլամական պետության» զինյալները գրավել էին սիրիական բանակից», - հայտարարել է Կոնաշենկովը: