Կիրակի օրը Բելառուսի մայրաքաղաքում անցել է հակառուսական ակցիա, որին, տարբեր տվյալներով, մասնակցել է 150-ից 400 մարդ:
Թեև հավաքը արտոնված չէր իշխանությունների կողմից, ոստիկանները որևէ ձևով չեն խոչընդոտել ցուցարարներին, նրանք միայն արձանագրություններ են կազմել:
Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիրները հավաքվել էին Մինսկի կենտրոնական հրապարակում՝ բողոքելու Բոբրույսկում ռուսական ռազմական բազա տեղակայելու դեմ:
Ցուցարարները քաղաքացիներին կոչ էին անում պաշտպանել Բելառուսի չեզոքությունն ու անկախությունը: Նրանք հայտարարել են նաև հանուն Բելառուսի պետականության և անկախության շարժման ստեղծման մասին ու ստորագրահավաք են սկսել:
Ռուսաստանը մտադիր է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսում տեղակայել ռազմաօդային ուժերի բազա, ընդ որում՝ նախկինում ենթադրվում էր այն տեղակայել 2016 թվականին, պաշտոնական Մոսկվան և Մինսկը, սակայն, որոշել են, որ բազան պետք է սկսի գործել արդեն այս տարի:
Ռազմակայանին դեմ են արտահայտվել Բելառուսի հարևան Ուկրաինայի և Լիտվայի իշխանությունները:
Այս պահին պաշտոնապես Ռուսաստանը Բելառուսի տարածքում ունի միայն երկու ռազմական կետ՝ ռադիոլոկացիոն կայան և կապի կայան, որն ապահովում է կապը Ռուսաստանի ռազմածովային ուժերի սուզանավերի հետ: