Օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերայի պրեմիերան։
Ներկայացման բեմադրիչն է Արմեն Մելիքսեթյանը, դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը, նկարչական ձևավորումը՝ Դավիթ Մինասյանի։
Առաջին օրը «Կարմեն»-ի դերերգը կատարում էր Ինգա Կարապետյանը, հաջորդ ներկայացման ժամանակ այն կատարեց Նարինե Անանիկյանը, որը «Կարմեն»-ի դերերգով հանդես էր եկել դեռ տարիներ առաջ նույն օպերայի նախորդ՝ Գեղամ Գրիգորյանի բեմադրության ժամանակ։ Խոսեի դերերգը կատարում են Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցն ու Հովհաննես Այվազյանը։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Գևորգ Հակոբյանն ու Նունե Բադալյանն էլ կատարում են համապատասխանաբար Էսկամիլոյի և Միկաելայի դերերգերը։
«Կարմեն»-ի այս բեմադրությունը թերևս բոլորովին նոր խոսք է հայ օպերային արվեստի պատմության մեջ։ Այն արված է ժամանակակից, մոդեռն հայացքով։ Բեմադրիչը շատ հետաքրքիր լուծումներ է գտել։ Դեպքերը տեղի են ունենում Իսպանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ Ֆրանկոյի ժամանակներում։ Հետաքրքիր են նաև հագուստները, բեմական ու նկարչական ձևավորումները։
Օպերային թատրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանի խոսքով, այս բեմադրությունը, որը ցանկանում էին օպերային թատրոնում բեմադրել արդեն չորս տարի, և որը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր, իր նոր, ժամանակակից ըմբռնումներով կարող է լիովին անակնկալ լինել հանդիսատեսի համար։
«Ազատության» հարցին, թե ճի՞շտ է համարում դասականների գործերի բեմադրությունները ժամանակակից ոճով, Տիգրան Արզումանյանը պատասխանեց. - «Ես անձամբ, այո, դա ճիշտ եմ համարում, որ լինի դասական բեմադրություններ բեմի վրա, որովհետև ակադեմիական թատրոն է, բայց նաև բնական է, որ մենք պետք է անենք նաև ժամանակակից բեմադրություններ, որի վրա մենք հիմա աշխատում ենք։ Մենք հիմա շատ ջերմ աշխատում ենք Կոմպոզիտորների միության հետ միասին, որ մեր նոր, հայ երիտասարդ կոմպոզիտորների բեմադրություններն անենք»։
Հիշեցնենք, որ «Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին, Լենինականի (ներկայում` Գյումրի) օպերային-օպերետային թատրոնում, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ այն բեմադրվել է 1934 թվականին։