ԼՂ ՊՆ․ «Հայկական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ»

Լեռնային Ղարաբաղի զինուժը հերթական զորավարժության պահին, արխիվ

Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (107 արկ) և 82 (16 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 (70 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, Պաշտպանության բանակը կորուստներ չունի:

Ամփոփելով առաջնագծում անցած մեկ շաբաթը, ԼՂ պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ԼՂ ՊՆ կայքէջի փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ և պատժիչ գործողությունների:

Ընդհանուր առմամբ, սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

«Ի դեպ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր զինատեսակներից, այդ թվում նաև 60, 82, 120 միլիմետրանոց ականանետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրետանային միջոցներից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, թերևս ավելի խոսուն ապացույց չի կարող լինել, քան հենց Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցներում տվյալ արկակոծումների վերաբերյալ հաճախակի տեղադրվող տեսագրություններն են:

Նման ցինիկ պահվածքը մեկ անգամ ևս փաստում է, որ իրեն զոհի կարգավիճակում անընդհատ ներկայացնող ադրբեջանական կողմը առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածության իրական կրողն ու պատասխանատուն է, իսկ ներկայացվող տեսագրությունները ոչ այլ ինչ են, քան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու և մատնացույց անելու հերթական առիթ:

Հակառակորդի ոչ մի նախահարձակ գործողություն անպատիժ չի մնացել, իսկ իրերի նման դասավորության շարունակման դեպքում հայական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ»,- նշված է ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: