Հայ-ամերիկյան համագործակցությունից ծնունդ առած մշակութային ծրագրերը կներկայացվեն մարզերում

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլի

Հիմնադրման օրից Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մի շարք ուշագրավ ծրագրեր է իրականացրել, և ահա՝ այս աշնան սկզբից էլ ԱՄՆ դեսպանատունը մի նոր ուշագրավ ծրագիր է ներկայացնում «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» խորագրի ներքո:

Ինչպես այսօր մեր ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլին, ծրագիրը համագործակցության արդյունք է և իր մեջ ներառում է սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Երևանում և մարզերում ներկայացվող համերգային ծրագրեր, ներառական պարային բեմադրություններ, դեսպանատան աջակցությամբ նկարահանված վավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

Դիլի․ - Սեպտեմբերին և հոկտեմբերին մենք իրականացնում ենք մեր ամերիկյան մշակութային շրջագայությունը, և նպատակը այն է, որ Հայաստանում տարբեր քաղաքներում բնակվող հանդիսատեսը առիթ ունենա վայելելու երեք շատ հաջողված մշակութային ծրագրերը, որոնք արդեն եղել են, բայց հիմնականում Երևանում: Եվ այդ ամենը հայկական կազմակերպությունների հետ մեր համագործակցության արդյունքն են:

«Ազատություն»․ - Մարզային շրջագայությունների վրա եք շատ ուշադրություն դարձրել: Հենց մարզային ուղղվածություն ունի, փաստորեն, ծրագիրը: Ու վերջինը, որքան գիտեմ, Գյումրիում՝ հոկտեմբերի 5-ին: Մի քանի խոսք, եթե կարելի է, այդ մասին:

Դիլի․ - Իհարկե, որովհետև մենք ուզում ենք հայ-ամերիկյան մշակութային համագործակցությունը ներկայացնել նաև Երևանից դուրս և ուզում ենք ամբողջ Հայաստանում բնակվող հանդիսատեսի հետ շփվել: Եվ այս երեք շատ հաջողված ծրագրերը՝ առաջինը «Հոլիվուդ նոն ստոպ» համերգն է:

«Ազատություն»․ - Այո, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ:

Դիլի․ - Ճիշտ է, և մենք շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք համագործակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Եվ սեպտեմբերի սկզբից նվագախումբը հանդես է եկել երեք անգամ Գորիսում, Կապանում և Մեղրիում և հանդես կգա ևս մեկ անգամ՝ Գյումրիում, հոկտեմբերի 5-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում, ժամը 6-ին:

«Ազատություն»․ - Դուք նաև այդ ծրագրի մեջ մի բեմադրություն եք ներառել՝ «Աղջիկը լուսնի վրա», որը ներառական բեմադրություն, այնպես չէ՞: Մի քանի խոսք այդ մասին, եթե կարելի է:

Դիլի․ - Իհարկե: «Աղջիկը լուսնի վրա» բեմադրությունը շատ հաջողված բեմադրություն է: Այն ստեղծել է հայ բեմադրիչ և պարուսույց Արինա Արարատյանը՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այս բեմադրությունը միավորում է պրոֆեսիոնալ պարողներին և հաշմանդամություն ունեցող, սկսնակ պարողներին:

«Ազատություն»․ - Տիկին Դիլի, այս «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի մի ուշագրավ մասն է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում երիտասարդ ռեժիսորների հետ համագործակցությունը և ֆիլմերի պատրաստումը: Այդ մասին ի՞նչ կարող եք ասել:

Դիլի․ - Իհարկե: Անցյալ տարի համագործակցել ենք ԹՈՒՄՈ կենտրոնի հետ այդ ծրագիրը իրականացնելու համար և այդ ծրագիրը 17-ից 16 վավերագրողներին հնարավորություն տվեց պատրաստել կարճամետրաժ, որոնք արծարծում են որոշ թեմաներ՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, և այս տարի մենք տանում ենք այս ֆիլմերը 10 տարբեր քաղաքներ:

«Ազատություն»․ - Եթե կարելի է, մի քանի խոսքով ներկայացրեք՝ հաջորդիվ ի՞նչ է սպասվում, ի՞նչ կարող ենք ակնկալել, ինչ ծրագրեր կան առաջիկայում մշակութային առումով:

Դիլի․ - Ամեն տարի մենք իրականացնում ենք շատ տարբեր մշակութային ծրագրեր և նախընտրում ենք համագործակցել հայկական կազմակերպությունների հետ, որովհետև Հայաստանը շատ երկար, շատ հարուստ մշակութային ժառանգություն ունի և մենք կարծում ենք, որ երբ մենք համագործակցում ենք, մենք կարող ենք ստեղծել շատ լավ համակցություններ: