Որոշվել է հաջորդ տարվա ընթացքում փոխհատուցել հոսանքի սակագնի բարձրացման տարբերությունը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գրասենյակը Երևանում, արխիվ

«Տաշիր գրուպ»-ը իր վրա է վերցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարումը և որոշել է հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Տաշիր գրուպ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այդ գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից, այն ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո:

«Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում «Հայկական էլեկտրական ցանցերի» կառավարումը»,- հայտարարել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Հետագա զարգացման ծրագրերի մեջ մտնում է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ նպատակ ունենալով օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բաշխիչ ցանցերի փուլային արդիականացումը։

ՀՀ բնակչությանը աջակցելու նպատակով որոշվել է բնակչության և փոքր բիզնեսի համար հաջորդ տարվա ընթացքում սեփական խնայողությունների հաշվին ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։

Տնտեսագետները ՀԷՑ-ը շահավետ ձեռքբերում են համարում: «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին վաճառելու քաղաքական որոշումը վաղուց է կայացվել:

«Արդեն գործարքը, ըստ էության, կայացել-ավարտվել է, ուղղակի պետք են արարողակարգային ինչ-որ մանրուքներ, որոնք անհրաժեշտ են իրավական տեսանկյունից», - ասում է նա՝ շարունակելով․ - «ՀԷՑ-ից ամեն տարի «կորչում է» 120-ից 150 միլիոն դոլար: ՀԷՑ-ի ամբողջ արժեքը՝ վատ իմաստով, այսպես ասենք, հենց այդ 120-ից 150 միլիոն դոլարն է տարեկան, որը ոչ մի տեղ չի երևում, նստում է որոշակի մարդկանց գրպանում: Հենց դա է պատճառը, որ ՀԷՑ-ը թափանցիկ, միջազգայնորեն ընդունված կարգերով չի սեփականատեր փոխում: [Դա գոյանում է] հավելագրումների, գողությունների, գումար են դուրս գրում»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ասում է՝ չնայած կուտակած միլիարդավոր դրամների վարկային պարտավորություններին, սեփականատիրոջ փոփոխությունը կարող է բարելավել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը:

«ՀԷՑ-ը ունի բավականաչափ անվարկունակ իրավիճակ, և ՀԷՑ-ի բաժնետերերի փոփոխությամբ և ընկերությունը փոխելով նաև թարմացվում է, այսպես ասած, վարկային պատմությունը: Այսինքն, հնարավորություն է ընձեռվում ավելի լավ, ավելի էժան սակագներով վարկեր ձեռք բերելու», - ասում է նա: