Կալկաթայի հայկական եկեղեցին մեղադրվում է գերեզմանոցի մի հատվածը քանդելու մեջ

Հայկական եկեղեցի արտերկրում, արխիվ

Համայնքի և եկեղեցու կառավարիչները չեն հերքել շիրմաքարերի տեղաշարժը:

Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին, որն այդ մեգապոլիսի քրիստոնեական ամենահին եկեղեցին է, մեղադրվում է ավտոկայանատեղի կառուցելու նպատակով եկեղեցուն հարող պատմական գերեզմանոցի մի հատվածը և տապանաքարերը քանդելու մեջ։

Ըստ Times of India թերթի, Հնդկաստանի հնագիտական ուսումնասիրությունների ծառայությունը դա հանցանք է համարել, քանի որ կորուստը անվերականգնելի է։

«Եկեղեցու տարածքի ամենահին դամբարանը թվագրված է 1630 թվականի հուլիսի 21-ին։ Սուքիասի կնոջ այս դամբարանը համարվում է Կալկաթայի քրիստոնեական ամենահին գերեզմանը։ Ահա թե ինչու գերեզմանոցը անգնահատելի պատմական փաստաթուղթ է։ Յուրաքանչյուրը ցույց է տալիս այդ շրջանի պատմությունը, այստեղ կարելի է տեսնել հին Կալկաթայի հայերի ամբողջ տոհմաբանությունը», - ասել է Հնդկաստանի հնագիտական ուսումնասիրությունների տարածաշրջանային տնօրեն դոկտոր Միշրան՝ ընդգծելով, որ գերեզմանները և տապանաքարերը, այդ թվում՝ մարմարյա, քանդելը առնվազն պատմության ոչնչացում է։

Կալկաթայում հայ համայնքի անդամներից Էնթոնի Խաչատրյանը, ով մկրտվել է այս եկեղեցում, ըստ հրապարակման, կառուցապատման լուրից ցնցված է։ «Մտածում եմ այն աղքատ մարդկանց մասին, որոնք թաղված են ավտոկայանատեղիի տակ, նրանք ընդիմիշտ կորչում են», - ասել է Խաչատրյանը։

Նրա նախնիներից Կալկաթայի ճարտարապետական ժառանգությունում հոյակապ շենքեր կառուցած Գալուստյանը նույնպես հուղարկավորված է այս գերեզմանատանը։

Հնդկաստանի հնագիտական ուսումնասիրությունների ծառայության աշխատակիցների վերջին այցելությունից հետո իրավիճակը հայտնվել է ուշադրության կենտրոնում։

«Վնասները սարսափելի են։ Աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մարդիկ հաճախ վնասներ են պատճառում չիմացության պատճառով, բայց երբ կրթված մարդիկ՝ եկեղեցու ունեցվածքի պահապաններն են նման կերպ վարվում, դա աններելի է։ Ես նամակ եմ գրել եկեղեցու ղեկավարությանը», - ասել է դոկտոր Միշրան։

Արձագանքելով այս լուրերին՝ համայնքի և եկեղեցու կառավարիչ անդամներ Սյուզան Ռուբենը և Սյունել Սոֆթին, չհերքելով շիրմաքարերի տեղաշարժը, համատեղ հայտարարությունում նշել են, որ շիրիմները չեն ոչնչացվել դրանց տեղն այլ նպատակով օգտագործելու համար։ «Շիրիմների մեծ մասը տեղափոխվել են այն ժամանակվա քահանայի հսկողության ներքո, ով ունի այդ հարցերում կարգադրություններ արձակելու և թույլտվություն տալու իրավունքը», - ասված է հայտարարությունում։

Times of India-ն գրում է, որ ըստ համայնքի աղբյուրների՝ կառուցապատման նախաձեռնությունները սկսվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի այցելությունից հետո, ով Կալկաթա էր եկել 2008 թվականին։

Ըստ Wikipedia-ում բերված տվյալների, անգլերենով հրապարակվող Times of Indian-ն Հնդկաստանի երրորդ խոշոր թերթն է համարվում, 7 միլիոնից ավելի ընթերցող ունի։