Պորոշենկոն ՄԱԿ-ի ամբիոնից հիշատակել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 29-ը սեպտեմբերի, 2015թ․

Ուկրաինայի նախագահը Ռուսաստանին քննադատել է նաև ղարաբաղյան հակամարտության ձգձգման համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթում երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը զավթել է 44 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք՝ Ղրիմում և Դոնբասում:

«Այս անգամ ագրեսորը Ռուսաստանի Դաշնությունն է», - ասել է Պորոշենկոն: «Այսօրվա Ռուսաստանը ագրեսոր պետություն է՝ մեր նախկին ռազմավարական գործընկերը», - բնորոշել է նա և հիշեցրել, որ իրավարար փաստաթղթերով Ռուսաստանը պարտավորվել էր հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը: «Ռուսաստանն իրականացնում է ակնհայտ ագրեսիա մեր պետության դեմ», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ վկայակոչելով Ղրիմի բռնակցումը:

«Հարևան երկրներում ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը տասնամյակներով դիտավորյալ ստեղծել է անկայունության գոտի: Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ և Դոնբաս», - հայտարարել է Պորոշենկոն՝ պնդելով, թե այդ բոլորը ձգձգված հակամարտություններ են, որոնք «հովանավորում է Ռուսաստանը»:

Նա հավելել է Սիրիայի հարցում Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը և հարցրել՝ ի՞նչը և ո՞վ է հաջորդը:

Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ Դոնբասում շարունակվող հակամարտությունը ներքին խնդիր կամ քաղաքացիական պատերազմ չէ:

Նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հակամարտությունը բնորոշել էր իբրև քաղաքացիական պատերազմ:

Պորոշենկոն նույն ամբիոնից Ռուսաստանին կոչ է արել խոստովանել ագրեսոր լինելու հարցում և Դոնբասից հետ քաշել զորքերը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը՝ իր երկիրը ագրեսիայից զերծ պահելու հարցում: