Թուրքահայ լրագրողը պարզաբանել է, թե ինչու է Անկարայի քաղաքապետին հայ անվանել

Թուրքահայ լրագրող Հայկո Բաղդատ, արխիվ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեկը արդեն մի քանի ամիս ամեն ջանք գործադրում է թուրքահայ հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան, սյունակագիր Հայկո Բաղդատին պատասխանատվության ենթարկելու համար:

Պատճառն այն է, որ լրագրողը Թվիթերի իր միկրոբլոգում փոխաբերական իմաստով գրել էր, որ քաղաքապետը հայ է, ինչից Գյոքչեկը խիստ վիրավորվել էր, և քաղաքապետի փաստաբանները դատական հայց էին ներկայացրել հայազգի լրագրողի դեմ: Հայկո Բաղդատին երկու տարվա ազատազրկում է սպառնում:

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Ստամբուլում տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Հայկո Բաղդատը հրաժարվել է Ստամբուլում ներկայացել իր պաշտպանությունը, ասելով, որ դա կանի Անկարայի դատարանում՝ դատական հաջորդ նիստին, որը նշանակվել է դեկտեմբերի 7-ին:

Թուրքական Today’s Zaman-ը գրում է, որ ըստ դատախազության ներկայացրած մեղադրանքի՝ Թվիթերում @haykobagdat օգտատերը գրել է, թե «Մելիհ Գյոքչեկը նողկալի մարդ է»:

Սակայն Հայկո Բաղդատը դատարանի շենքից դուրս լրագրողներին ասել է, որ Անկարայի քաղաքապետի հետ հակամարտությունը իրականում սկսվել է այն բանից հետո, երբ ինքը Գյոքչեկին հայ է անվանել:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ երեկ նա պարզաբանել է, թե ինչու է Մելիհ Գյոքչեկին հայ անվանել:

«Ամեն անգամ, երբ նա վերցնում է խոսափողը կամ նստում ստեղնաշարի դիմաց, նա իր քաղաքական հակառակորդներին, իր քաղաքական հակառակորդների ընտրազանգվածին, լրագրողներին և ցանկացած մեկին, ում վրա բարկացած է, հայ է կոչում: Նա մշտապես հայտարարում է, թե նրանք դավաճաններ են, որովհետև հայ են, հայկական արմատներ ունեն, և բոլոր տարրերը, ովքեր այս երկրի համար խնդիրներ են ստեղծել, ինչ-որ ձևով հարաբերություններ ունեն հայերի հետ», - ասել է հայազգի լրագրողը՝ շարունակելով․ - «Դեկտեմբերի 7-ին Անկարայում ես կպարզաբանեմ, թե ինչու է Մելիհ Գյոքչեկը հայ: Իմ կարծիքով, այո՛, նա հայ է՝ նկատի ունեմ չակերտավոր: Ես հիմա էլ կարծում եմ, որ նա չակերտավոր հայ է, համապատասխան այդ բառի իմաստին»:

Today’s Zaman-ի փոխանցմամբ, Հայկո Բաղդատը նաև ասել է․ - «Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ մարդկանց կոտորել են իրենց էթնիկ արմատների պատճառով: Մենք երեխաներ ունենք, որոնք վատ իմաստով հայ են պիտակվում, ինչը վտանգում է նրանց կյանքը Մելիհ Գյոքչեկի նման մարդկանց նողկալի դիրքորոշման պատճառով, այնպես որ, սա լավ հնարավորություն է՝ պարզաբանելու նման դիրքորոշումները»:

Մելիհ Գյոքչեկը Անկարայի քաղաքապետն է արդեն 11 տարի՝ 1994 թվականից: 2013-ի ընտրություններից հետո Հայկո Բաղդատը Թվիթերում գրել էր․ - «Անկարան տվեցին հային, ինչպիսի խայտառակություն»: Գրառումը նա ուղեկցել էր հեշթագով՝ #պարզվումէՄելիհԳյոքչեկըհայ է:

Այս գրառումներից մեկ տարի անց Անկարայի քաղաքապետը հայազգի լրագրողի դեմ դատական գործ սկսեց: Նրա անունից դատախազություն ներկայացված հայցում նշված է․ - «Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեկը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, մարդ, ով սիրում է իր հայրենիքն ու ազգը: Բաղդատի արած հայտարարությունները կեղծ են: Դրանք մենք որակում ենք որպես զրպարտանք և վիրավորանք»:

Անկարայի քաղաքապետն «իր կրած հոգեկան ապրումների» դիմաց հայազգի լրագրողից որպես փոխհատուցում պահանջում է նաև 10 հազար թուրքական լիրա վճարել: