Սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով պատճառվել են զգալի վնասներ

2015 թվականի սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես, ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։

Քննության շրջանակներում կատարված զննությունների արդյունքում հայտնաբերվել են զինամթերքի, ականների բեկորներ, որոնց նկատմամբ նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։