Քաղաքապետ. Պետք է բացառել հանրային տրանսպորտում վարորդների ծխելը և հեռախոսով խոսելը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան հայտարարել է, որ պետք է բացառել հանրային տրանսպորտում վարորդների ծխելը և հեռախոսով խոսելը։

«Համոզված եմ, կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանք մեզանում բացառելու համար: Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ասել է Մարգարյանը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նա նաև նշել է, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում: