Վացլավ Հավելի մրցանակը՝ Լյուդմիլա Ալեքսեևային

Ռուսաստանցի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևա, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) այսօր Ստրասբուրգում գումարված նստաշրջանում Վացլավ Հավելի անվան տարեկան մրցանակը շնորհել է ռուսաստանցի ընդդիմադիր, խորհրդային ժամանակաշրջանի ականավոր այլախոհ 88-ամյա Լյուդմիլա Ալեքսեևային։

Իրավապաշտպանը 1960-ականներին է միացել ԽՍՀՄ-ի այլախոհների շարժմանը, Մոսկվայի Հելսինկյան կոմիտեի հիմնադիրներից է։ 1977 թվականին նա ստիպված արտագաղթել է ԱՄՆ, սակայն 1989 թվականին վերադարձել է Ռուսաստան։

Հավելի անվան մրցանակը՝ 60 հազար եվրո, տրվում է անհատներին կամ կազմակերպություններին, որոնք «հասարակական նշանակալի դեր են կատարում Եվրոպայում և այլուր մարդու իրավունքները պաշտպանելու գործում»։

Երրորդ տարին անընդմեջ ԵԽԽՎ-ն դափնեկրին որոշում է Պրահայի Վացլավ Հավելի գրադարանի և Չեխիայի իրավապաշտպան առաքելություն կատարող «Խարտիա-77» հիմնադրամի հետ համատեղ: