Համանախագահները կոչ են անում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ընդունել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են շարունակել նախապատրաստական աշխատանքները համանախագահների հետ՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու համար։ Ակնկալվում է, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա նախքան տարվա ավարտը։

«Համանախագահները կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ։ Առանց նման մեխանիզմի կողմերը կշարունակեն իրար մեղադրել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում մահացու հարձակումներ նախաձեռնելու մեջ։ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, և մենք կոչ արեցինք Ադրբեջանին նույն կերպ վարվել»,- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո հայտարարում են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա)։

«Համանախագահները նաև խստորեն դատապարտել են հրետանու կիրառումը, որը լրացուցիչ մահվան դեպքերի է հանգեցրել վերջին 24 ժամում։ Մենք մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին։ Բռնության աճը ոչ ադրբեջանցիների և հայերի, ոչ էլ բանակցությունների շահերից չի բխում։ Համանախագահները նաև կոչ են անում կողմերին երկու ժողովուրդների միջև ծրագրեր իրականացնել՝ հասարակությունների միջև վստահություն կառուցելու համար»,- նաև ասված է համանախագահների այսօր տարածած հայտարարությունում։

Երեկ, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնեց, որ ադրբեջանական արկակոծման հետևանքով զոհվել է չորս զինծառայող, ևս 16-ը վիրավորվել են։ Սեպտեմբերի 24-ին էլ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից երեք խաղաղ բնակիչ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել է մեկ զոհի, երեք վիրավորի մասին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայկական կողմը դիմելու է պատժիչ գործողությունների, որպեսզի «հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»: