Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

Բռնության ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 24-ը սեպտեմբերի, 2015թ․

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստով:

Քննչական կոմիտեից ստացված հաղորդման համաձայն, նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Սմբատ Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կազմում դիտավորությամբ Ս. Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ազատամարտիկի ծեծի գործով սեպտեմբերի 23-ին բերման են ենթարկվել, ապա նույն օրը ձերբակալվել են 37-ամյա Արարատ Գրիգորյանը, 31-ամյա Հակոբ Պետրոսյանը և 36-ամյա Արմեն Սարգսյանը։