Ըստ ԼՂ ՊՆ-ի, հակառակորդը զինադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ կիրառում է հաուբից հրանոթներ

Հայկական Զինված ուժերի տանկը Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ) և 120մմ (2 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (1 արկ) և ՀԱՆ-17 (30 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Վերը նշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 (12 արկ) տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ: