Երեկ երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան կառույցները համարժեք պատասխան կտան հակառակորդին։
Հիշեցնենք, երեկ հակառակորդը, խախտելով հրադադարը, կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Պառավաքար գյուղում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում ևս երկու հոգի վիրավորվել է։
«Սա դատապարտելի, անթույլատրելի և տեռորիստական արարք է, որի նպատակն է, արտգործնախարարների հանդիպումից առաջ, կամ բանակցային գործընթացը ևս մեկ անգամ տանել փակուղի։ Երկու տարբերակ կա․ տարբերակ համար մեկ՝ պետք է բոլորն իմանան, որ Ադրբեջան պետությունն ունի տեռորիստական դեմք, որը խաղաղ բնակիչների վրա կրակում է, և սա չունի որևէ արդարացում, երկրորդը՝ պետք է միջազգային կառույցները հստակ գնահատական տան: Իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները, կարծում եմ, դեռ, ինչպես նախկինում, իրենց գործը կկատարեն», - ասաց Շարմազանովը։
ՀՀԿ-ի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծեց, որ թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը և թե՛ համանախագահ երկրները խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են։
«Ցանկացած ապակայունացման փորձ մեզ համար անընդունելի է։ Եվ Ադրբեջանը նման գործելաոճով փորձում է տանել փակուղի։ Ես քաղաքական գործիչ եմ, չեմ կարող այլ զինվորական գործիչների նման գնահատական տալ, դրա ոչ իրավունքն ունեմ, ոչ էլ հնարավորությունը, բայց այն, որ մեր Զինված ուժերն իրենց բարձրության վրա կգտնվեն, դա փաստ է։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ 21-րդ դարում խաղաղ բնակիչների վրա կրակելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դրսևորում», - հայտարարեց Շարմազանովը։
Երեկ կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ մասնավորապես նշելով, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է հայտարարությունում: