Ամերիկացի կոնգրեսականները երեք կետից բաղկացած ծրագիր են առաջ քաշում, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել հայ - ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը:
Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը նամակով դիմել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները:
Ամերիկացի կոնգրեսականները առաջին հերթին առաջարկում են հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, ինչպես նաև նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը: «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները», - նշում են կոնգրեսականները:
Նրանք արդեն իսկ Կապիտոլիումում ստորագրահավաք են նախաձեռնել` կոչ անելով գործընկերներին ևս միանալ Ջեյմս Ուորլքին ուղղված այս նամակին:
Բացի այդ, ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԵԱՀԿ-ին, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու անձամբ համանախագահ Ուորլիքին՝ զերծ մնալ հայ - ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջև արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից:
«Կոչ ենք անում ձեզ հրապարակավ դատապարտել շփման գծի երկայնքով արձանագրված բռնության ցանկացած դեպք: Բացի այդ, ԵԱՀԿ-ի և Միացյալ Նահանգների վաղեմի գործելաոճը` կողմերին բռնությունից զերծ մնալուն ուղղված ընդհանուր կոչերը այդպես էլ չնպաստեցին լարվածության թուլացմանը: Ավելին, արհեստական այդ անաչառությունն է՛լ ավելի թեժացրեց կրքերը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինում», - հայտարարում են ամերիկացի կոնգրեսականները:
Ռոյսի և Ինգըլի նամակին զուգահեռ` Ուորլիքին ուղերձով է դիմել նաև Կալիֆորնիայից ընտրված ևս մեկ կոնգրեսական` դեմոկրատ Ադամ Շիֆը: Նրա նամակի տոնայնությունն անհամեմատ ավելի կոշտ է:
«Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ ձեր հայտարարություններում հայերի և ադրբեջանցիների պահվածքում հավասարության կեղծ նշան դնելու միտում կա: Դա առավել ցայտուն կերպով նկատելի դարձավ սեպտեմբերի 4-ի ձեր թվիթերյան գրառման մեջ, որում դուք զետեղել էիք Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ արձակված, բայց չպայթած ականի լուսանկարը` չնշելով, սակայն, որ այն կիրառվել է ադրբեջանական կողմից», - հայտարարում է Շիֆը:
Դիմելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ Ադամ Շիֆը նաև նշում է․ - «Ես չեմ հավատում, որ հնարավոր է նպաստել խաղաղության հաստատմանը` անտեսելով Ադրբեջանի ռազմատենչության աճը և շարունակ պնդելով, թե կողմերը հավասարապես են մեղավոր շփման գծի երկայնքով ծագող բռնության դեպքերի համար, ինչն, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը, ագրեսորի մասին բացահայտորեն խոսելու ցանկության բացակայությունն ուղերձ է Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»:
Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները արդեն իսկ ողջունել են ամերիկացի կոնգրեսականների հայտարարությունները: Անդրադառնալով Էլիոթ Ինգըլի և Էդ Ռոյսի բաց նամակին՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ - «Մենք ողջունում ենք կոնգրեսականների` խաղաղության հաստատմանը միտված բոլոր երեք առաջարկները` հնչեցված ադրբեջանական նախահարձակ գործողությունների հերթական փուլից հետո: Բարձր ենք գնահատում նաև օրենսդիրների սկզբունքային դիրքորոշումը, որի նպատակն է վերջ տալ ԵԱՀԿ-ի և Միացյալ Նահանգների` կեղծ անաչառության վրա հիմնված, ձախողված քաղաքականությանը: Ողջունում ենք նաև նրանց կոչը` փոխարինել այն պատասխանատվության հիմքի վրա իրականացվող խաղաղապահ գործողություններով»: