Կոթիում խուճապի չեն մատնվում, բայց փաստում են, որ «կյանքը գնալով անտանելի է դառնում»

Սահմանամերձ այս գյուղի դպրոցում աշակերտ գրեթե չի մնացել: Մարդիկ պատմում են՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր հեռանալու գեթ փոքրիկ հնարավորություն ունեն:

Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանագծին նախորդ օրերի համեմատ ավելի հանդարտ է եղել։ Հակառակորդը ինքնաձիգ զենքերից կրակ է բացել միայն Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Չնայած գրեթե ամենօրյա ու սովորական դարձած կրակոցներին, կոթեցիներն ընդգծում են, որ խուճապի չեն մատնվում, պարզապես կյանքը գնալով ավելի անտանելի է դառնում։ Կոթեցի Հայկազ Ազիբեկյանը կրակոցների պատճառով դստերը մանկապարտեզ չի ուղարկում։ Նա արդեն մտածում է գյուղը լքելու մասին, քանի որ այնտեղ ապրելն անվտանգ չէ, բացի այդ, ապրուստի միջոց էլ չունեն:

«Եթե ուրիշ տեղ ունենայինք, մենք վաղուց գնացած կլինեինք, բայց տարբերակ չունենք, մտածում ենք, թե որ կողմ գնանք՝ Ռուսաստա՞ն գնանք, թե ուր գնանք։ Ասում եմ՝ գոյատևում ենք, ստեղ չենք ապրում, երեխեքին էլ, չգիտենք, ով կարում է, հանել է դուրս, գյուղի դպրոցի երեխեքի կեսի կեսն էլ չի մնացել։ Աղջկաս վախենում եմ մանկապարտեզ ուղարկեմ»,- պատմում է Հայկազ Ազիբեկյանը։

Կոթիի բնակիչ Աննա Սիրադեղյանի համար անքուն և մահվան վտանգի տակ անցնող գիշերները վերջ չունեն։

«52 տարեկան կին եմ, որ սկսվում են կրակոցները, կամ թևս է թուլանում, կամ ոտքս, ո՞նց կարելի է սովորել նման բանին։ Մենք էս պահին կռվի դաշտում ենք։ Ինչքա՞ն կարելի է սրան դիմակայել: Չգիտեմ՝ մեզ համար մտածում են, թե չէ։ Ամբողջ գիշեր ժողովուրդը լարված վիճակում է, ոչ քնել է, ոչ քուն ունեն, ոչ դադար: Ամեն տրամաչափի զենքով էլ կրակում են: Ե՞րբ կլինի սրան վերջ, սկիզբը կա, վերջը չկա»,- բողոոքում է կոթեցի կինն ու ցավով փաստում, որ գյուղը դատարկվում է ։

«Մեր գյուղը լքվել է, ես էլ կարամ գյուղը լքեմ գնամ։ Հեռանում են, ով տարբերակ ունի՝ դուրս է եկել, Ռուսաստան է գնացել»։