Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) երեկվա հայտարարությունը միանշանակ գնահատում է որպես «քաղաքական խոսքի նկատմամբ հետապնդում»։ Այդ մասին ընդդիմադիր պատգամավորը ասաց «Ազատության» հետ զրույցում:
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նման հայտարարությամբ երբ հանդես են գալիս, ակնհայտ նշում են, թե իրենք ինչ ավտորիտար ռեժիմ են սպասարկում, և այդ ռեժիմի ներքո են նրանք անում այսպիսի հայտարարություններ։ Երբ մենք նայենք ժամանակագրությանը, ապա այս [իր] հայտարարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, մինչդեռ նրանք 22-ին են, փաստորեն, այս հայտարարությամբ հանդես գալիս։ Ակնհայտ է, որ գործում են պատվերի ներքո, ակնհայտ է, որ այս հայտարարությունից իրենք ահաբեկված և վախեցած են, քանի որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է իրապես հեղափոխական իրավիճակ, և ցանկացած կոչ, քաղաքական դիրքորոշում, որը դեմ է ավտորիտար այս ռեժիմին, իրենց համար վտանգ է ներկայացնում», - ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Փոստանջյանը Ազգայի ժողովի ամբիոնից հայտարարել էր. - «Ազգահավաքը կազմակերպելու համար մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած գործընթացի դեմ և տապալենք և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Հանրապետական կուսակցությունը, և՛ այս կոչված բարեփոխումները։ Եվ պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, պետք է քանդենք այնտեղի «Բաստիլը»՝ ներկայիս, ժամանակակից՝ ԱԱԾ, НКВД, КГБ, և պետք է մենք հիմնադրենք մեր ազատ, անկախ և միացյալ Հայաստանը: Բոլո՛րս դուրս ենք գալիս փողոց»։
Երեկ ԱԱԾ-ն զգուշացրեց Փոստանջյանին, որ սեպտեմբերի 18-ին, օգտագործելով Ազգային ժողովի բարձր ամբիոնը, նա «թույլ է տվել սադրիչ արտահայտություններ»:
«Տապալում, շենքերի քանդում արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով», - մասնավորապես ասված էր ԱԱԾ-ի հայտարարությունում։
Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Հիմա, եթե մենք ապրում ենք իրավական երկրում, ապա պետք է պատասխանատվության կանչենք հենց Ազգային անվտանգության ծառայության այս հաղորդագրության կազմողին»։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ խորհրդակցել է իր փաստաբան գործընկերների հետ՝ ձեռնարկելու բոլոր իրավական միջոցները, այդ թվում՝ նաև նրանց պատասխանատվության կանչելու տարբերակը։
«Փաստորեն, սա խոսքի ազատության դեմ է ուղղված և ընդհանրապես «Ժառանգություն» կուսակցության քաղաքական գործունեության դեմ է ուղղված։ Եվ այստեղ, եթե նրանք արդեն հետապնդում են քաղաքական կուսակցության ներկայացուցչին իր արտահայտած դիրքորոշման համար, այն էլ՝ այսպիսի վարկաբեկիչ բառերով, սա նշանակում է, որ ԱԱԾ-ն արդեն ոչ թե ընդհատակյա է փորձում մարդկանց ահաբեկել։ Հենց այնպես չեմ ասել, որ НКВД, КГБ, ԱԱԾ՝ դա նույնն է, իրենք են հենց տոնել 95-ամյակը, այսինքն՝ ներառել են իրենց պատմության մեջ, որ իրենք իրապես իրավահաջորդն են НКВД-ի, КГБ-ի», - ասաց Փոստանջյանը՝ պնդելով, որ որևիցե կերպ ԱԱԾ-ին չի զրպարտել։
«Նրանք նաև մատնանշում են, որ այո, Հայաստանի Հանրապետությունում կան շինություններ, որոնք «Բաստիլ» են, և այդ «Բաստիլը», փաստորեն, քանդելն իրենց նկատմամբ սպառնալիք է», - ասաց պատգամավորը։
«Ազատության» դիտարկմանը, որ ԱԱԾ-ն ոչ միայն զրպարտության մասին է խոսում, այլև, կարծես, քրեորեն պատժելի արարք է վերագրում իրեն, Փոստանջյանն այսպես արձագանքեց. - «Ես ծանոթ եմ Ազգային անվտանգության ծառայության գործունեությանը, իրենց ձեռագրին, այսպիսի նախազգուշացումները հրապարակվում են, հետագայում նաև սկսում է բուն գործընթացը։ Եթե նրանք այդպիսի համարձակություն ունեն նորից ինձ հետ մտնեն նման տարածության մեջ պատերազմի մեջ, ապա ես պատրաստ եմ պատերազմել իրենց հետ»։
Փոստանջյանն ընդգծեց՝ «նման սպառնալիքի դեպքում պետք է լինի նաև պատասխան», և պատասխանները լինելու են իր կողմից։
Դիտարկմանն էլ, թե ԱԱԾ-ի հայտարարությունը նախորդում է ուրբաթ օրը Գյումրիում կայանալիք հանրահավաքին, ինչպես նաև արձագանք է իր հնչեցրած կոչերին, որ փողոցային պայքարով է պետք կասեցնել սահմանադրական փոփոխությունները, և հարցին՝ արդյոք կապ տեսնո՞ւմ է այս ամենում, Փոստանջյանը պատասխանեց. - «Իհարկե, իրենք վախենում են, սա քաղաքական համատեքստն է այս հայտարարության»։
«ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաև գտնվել է Գարեգին Նժդեհը, որտեղ եղել է նաև իմ պապիկը, որտեղ եղել է իմ եղբայրը, որտեղ եղել են մեր հասարակության օրինավոր շատ և շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, Չարենցն է վերջիվերջո այնտեղ եղել, դա իրոք պետք է քանդենք, մենք դա չպետք է թույլ տանք մնա, և այնտեղ պետք է հիմնենք թանգարան», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: