ՔԿ․ Պարզվել է Արարատի մարզում աշակերտների թունավորման պատճառը

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտ։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որով անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը»:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին մատակարարել է հացաբուլկեղեն, այդ թվում՝ Բաղրամյան գյուղի դպրոցին՝ հոթ-դոգ, կարտոֆիլով կարկանդակ, կեքս, չամիչով բուլկի, երկու տեսակի գաթա և խաչապուրի, իսկ Այգեզարդ գյուղի դպրոցին՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակ, կեքս և չամիչով բուլկի, որոնք դպրոցի ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցականներին: Որոշ ժամանակ անց, մասնավորապես՝ հոթ-դոգ և կարտոֆիլով կարկանդակ գնած աշակերտները դժգոհել են սրտխառնոցից, թուլությունից և տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ թվարկված հացաբուլկեղենից վերցվել են նմուշներ, իսկ հացաբուլկեղենի պատրաստման և իրացման գործում առնչություն ունեցած անձանցից՝ համապատասխան քսուքներ՝ հետազոտություններ անցկացնելու նպատակով։

Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրության արդյունքներով կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի և խաչապուրու մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, որոնք մարդկային սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանման արդյունք են, ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն խոստանում է քննության արդյունքների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ։