ԱլԳ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում հետաձգել առաջիկա հանրաքվեն

Բորիս Նավասարդյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը իշխանություններին կոչ է անում հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Քաղաքացիական հասարակության շուրջ 200 կազմակերպություն միավորող այս կառույցում համոզված են, որ միայն ազատ և արդար ընտրություններից հետո է հնարավոր սահմանադրական փոփոխությունները չկապել իշխանությունների վերարտադրության փորձի հետ:

Պլատֆորմի անդամ, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, իրենց միասնական դիրքորոշմամբ՝ փոփոխությունները բխում են ոչ թե պետության ու հասարակության շահերից, այլ քաղաքական նպատակներին հասնելու ձգտումից։

«Վերարտադրվո՞ւմ է Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը, թե՞ չի վերարտադրվում... իսկ մնացած այլ հարցերը, որոնք շատ կարևոր են, հիմնականն են սահմանադրական փոփոխությունների համար, հայտնվեցին ստվերում»,- ասում է Նավասարդյանը։

Կոռուպցիայի ու այլ չարիքների դեմ անգործությունը չպետք է քողարկվի «սահմանադրական բարեփոխումների պատրանքով», համոզված են հայտարարության հեղինակները: Արձանագրելով, որ քաղաքական կամքի բացակայության պատճառով է սահմանադրական կարգը խախտվում, Ազգային պլատֆորմը պնդում է, թե անցկացվելիք հանրաքվեն ժամանակավրեպ է, քանի որ երկրում չկա սահմանադրական ճգնաժամ:

Չնայած նախագահականում անցկացվող հանդիպումներին ու խորհրդարանական ուժերի մեծ մասի աջակցությանը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի այս նախաձեռնության շուրջ քաղաքական լայն կոնսենսուս չեն տեսնում։

«Կոնսենսուսը պիտի լինի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե մենք նույնիսկ սկզբունքային առաջարկներ մշակենք և ներկայացնենք, ինչպես շատ հասարակական կազմակերպություններ արել են, համոզված ենք, որ դրանք արհամարհվելու են, որովհետև սկզբունքային հարցերի շուրջ արդեն իսկ կա քաղաքական պատվեր, և այն հանձնաժողովը, որ աշխատել է Սահմանադրության նախագծի վրա, ընդամենը կատարել է այդ քաղաքական պատվերը»,- կարծում է Նավասարդյանը։

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու շուրջ ձևավորված այս պլատֆորմը նաև կասկածի տակ է դնում բարեփոխումների հասարակական պահանջը՝ մտավախություն հայտնելով, որ մարդկանց պասիվությունը կարող է մեծացնել կեղծիքների վտանգը.- «Առջևում ունենք երկու համապետական ընտրություններ, որոնց ընթացքում իշխանությունները, կառավարությունը, ամբողջ քաղաքական վերնախավը հնարավորություն ունի ապացուցելու, որ արդար քվեարկությունը Հայաստանում հնարավոր է և, համապատասխանաբար, վստահություն կառաջացնի նախաձեռնվող սահմանադրական հանրաքվեի համար»։

Առաջիկա հանրաքվեն տապալել փորձող «Ոչ»-ի ճակատը ողջունում է պլատֆորմի առաջարկը՝ ընտրություններից հետո միայն փոխել Սահմանադրությունը։

«Պարտադիր պայման է երկրում լեգիտիմ իշխանության առկայությունը և ընտրական համակարգերի նորմալ գործունեությունը։ Եթե չկա լեգիտիմ իշխանություն, ինչպես այժմ է, որևէ նախագիծ, որ առաջարկի այդ իշխանությունը, չի ընդունվի հասարակության կողմից»,- ասաց շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

Ընդդիմադիրները երեկ են վերադարձել Գյումրիից, որտեղ իրազեկման ակցիաներ են անցկացրել ուրբաթօրյա հանրահավաքին ընդառաջ: Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, հյուսիսային մայրաքաղաքի ամբիոնից կհայտարարվի նաև երևանյան հանրահավաքի օրը.- «Նախատեսվում է Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» և «Հիմնադիր խորհրդարանի» մասնակցությունը։ Դա կլինի միավորյալ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հանրահավաքը Գյումրիում»։