Երևանի ծայրամասում վարձով ապրող պատգամավոր Էդմոն Մարուքյանը երկրորդ բնակարանն է վարձել, այս դեպքում տարածքը որպես գրասենյակ է օգտագործում՝ կուսակցություն է հիմնել։ «Լուսավոր Հայաստան»-ը Բաղրամյան 1-ում է։
«Այստեղի համար այնքան էլ թանկ չէ վարձը, նորմալ է, բարդ չէ, եթե մարդիկ կան, որոնք պատրաստ են ներդրումներ անել»,- ասում է նա։
Մարուքյանը պնդում է՝ ներդրողները կուսակցական գործընկերներն են, բացի նրանցից՝ իր մեջքին մեկ էլ ընտրողներն են կանգնած, այլ հովանավորներ չունի։ «Լուսավոր Հայաստան»-ի լուսավոր գրասենյակում, ասացին, միշտ են զբաղված, կուսակցություն հիմնելը բարդ գործընթաց է։ Պաշտոնապես այն կգրանցվի մոտ երկու ամսից։
24-ամյա Դավիթը «Լուսավոր Հայաստան»-ի ամենաերիտասարդ անդամներից է։ Բացի նրանից՝ Մարուքյանին աջակցում են նաև «Դ!եմ եմ» շարժումից Մանեն, թրեյդեր Նորայրը, լրագրող Անին, պատմաբան Հայկը, կառավարիչ Արտակը։ Թեև «լուսավորիչ» կոչվելուց խուսափում են, բայց վստահ են, որ հաջորդ գումարման խորհրդարանում իրենք տեղ ունեն։
«Հենց մեր մեջ ունենք օրինակ, ով անհավանական ձևով մտել է Ազգային ժողով։ Դա Էդմոն Մարուքյանն է»,- ասում է Մանեն։
«Լուսավոր Հայաստան»-ը եվրոպամետ ուժ է լինելու, արդեն հաշվարկել են՝ ընտրողների մինչև 30 տոկոսը իրենց համակիրը կարող է լինել։ Ընտրակեղծիքների դեմ էլ կպայքարեն, ընտրողներին էլ ամեն օր կհիշեն, ոչ թե միայն նախընտրական շրջանում, ասում են։
Եվ մինչ «լուսավորականները» Բաղրամյան 1-ում աշխատում են, Մարուքյանի հետ քայլեցինք դեպի վեր՝ Բաղրամյան 19՝ Ազգային ժողով։ Թեև սկզբում պատգամավորը ցանկանում էր մեքենայով գնալ, բայց ի վերջո համաձայնեց քայլել, ճանապարհին էլ ասաց, որ գիտակցում են՝ դեպի խորհրդարան ճանապարհը դժվար է լինելու, բայց իր թիմով դա կհաջողվի։
Մարուքյանը ասաց, որ նախաձեռնության հետ կապված հանդիպումներ է ունեցել նաև մի շարք ԱԺ պատգամավորների հետ, ովքեր դեմ են քվեարկել Եվրասիական միությանը անդամակցությանը, բայց թե ում հետ՝ չմանրամասնեց։ Սպասվում էր, որ «Լուսավոր Հայաստան»-ին կանդամակցի նաև պատգամավոր Թևան Պողոսյանը, վերջինս, սակայն, «Ազատությանը» փոխանցեց, որ որևէ կուսակցության չի պատրաստվում անդամակցել։
Քայլելով հասանք Սահմանադրական դատարան. Մարուքյանը ասաց, որ սահմանադրական բարեփոխումներին բացասական են վերաբերվում, քանի որ առաջարկվող նախագիծը, ըստ նրա, չի ենթադրում խորհրդարանական կառավարման մոդելի այն ձևը, որն իրենք են պատկերացնում։ Անցած շաբաթ նախագահական գնացած Մարուքյանը փոփոխությունների մի շարք առաջարկներ է ներկայացրել, սպասում են արձագանքի։ Հարցին՝ ինչո՞ւ «Ոչ»-ի ճամբարին չի միանում, պատասխանեց.- «Բայց ինչո՞ւ պիտի միանանք «Ոչ»-ի ճամբարին։ Իսկ ո՞վ է ասել, որ «Ոչ»-ի ճամբարը փաթեթին է դեմ, «Ոչ»-ի ճամբարը ասում է՝ մենք անձին ենք դեմ, ռեժիմի դեմ ենք։ Մենք անձերի դեմ պայքար չենք մղելու»։
Մարուքյանը վստահ է՝ «Ոչ»-ի ճամբարը ձախողվելու է, քանի որ այդ ուժերը, ըստ նրա, ռեսուրս չունեն։ Իրենք այլ կերպ են գործելու, ոչ ոքի չեն հայհոյելու։ Պատգամավորի կարծիքով՝ իրենց ուժը, որպես նոր ուժ, նման է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին», նրա հետ համագործակցությունը չի բացառում։
Քայլելով հասանք խորհրդարան, Մարուքյանը ասաց, որ մի օր էլ իր կուսակցությունով դռներից ներս կմտնեն, իսկ դրա համար պետք է շատ աշխատեն։
Մարուքյանների ընտանիքում քաղաքական ակտիվությունը նոր չէ։ Մոտ երեք տարի առաջ նորընտիր պատգամավորը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ երիտասարդ տարիներին Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցության համակիրներից է եղել՝ հետևելով հոր օրինակին։ Հայրն էլ «Ազատության» հետ զրույցում պնդում էր, որ որդին ինչ պաշտոն էլ ստանա, չի փոխվի։